Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ը ամփոփում են Խաղաղության հռչակագրի առաջին տարվա արդյունքները
10 Օգոստոսի 2026, 22:39
ՀՀ–ն, ԱՄՆ–ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ։
Լրանում է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման մեկ տարին: Պատմական գագաթնաժողովի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրել էին նաև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, ինչից հետո Փաշինյանն ու Ալիևը համատեղ առաջադրել էին Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար:
Անցած մեկ տարվա ընթացքում կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաբլոկավորման ուղղությամբ:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) բազմամոդալ տարանցիկ ուղու շրջանակում Հայաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ստեղծել հատուկ զարգացման ընկերություն: Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է դեպի Հայաստան տանող ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը: Նախատեսվում է նաև էլեկտրահաղորդման նոր գծի անցկացում:
Զուգահեռաբար, Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ տարանցման բոլոր սահմանափակումները. մեկ տարում նրա տարածքով փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք, ինչպես նաև Հայաստան է մատակարարվել 20,000 տոննա նավթամթերք: Բացի այդ, երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր՝ տարածաշրջանային կապուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով:
ԱՄՆ-ն իր հերթին 201 միլիոն դոլար է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության կանոնադրություններ ու փոխըմբռնման հուշագրեր էներգետիկայի, արհեստական բանականության, կիսահաղորդիչների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում:
Դիվանագիտական հարթակում ևս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. համատեղ դիմումի հիման վրա պաշտոնապես լուծարվել են ԵԱՀԿ Մինսկի խումբն ու հարակից կառույցները, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՄՆ նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»:
Կողմերը վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի դրույթների լիարժեք իրականացման հանձնառությունը: