12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող

11 Օգոստոսի 2026, 15:40

Սպորտ

Սուխումում ավարտվել է «Ափսնի 2026» շախմատի մրցաշարը, որն անցկացվել է «Աբխազիա Օփեն» 23-րդ միջազգային փառատոնի շրջանակում։ Ավելի քան 120 մասնակիցների մասնակցությամբ գլխավոր մրցաշարում հաղթանակ է տարել Գուլրիփշից 12-ամյա Արմեն Թոփչյանը։

Սա փառատոնի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Աբխազիան ներկայացնող այդքան երիտասարդ մասնակիցը հաղթում է գլխավոր մրցաշարում։

Երրորդ տեղը զբաղեցրել է Սուխումում բնակվող Արտյոմ Թաբարյանը, իսկ վետերանների պայքարում հաղթել է Սերգեյ Մինոսյանը։

Զուգահեռ անցկացվել են նաև մանկական մրցաշարեր։ Մինչև 12 տարեկան տղաների մրցապայքարում հաղթել է Ատոմ Պարավյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Լեոնիդ Իգնոյանը։ Մինչև 8 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է Արարատ Հակոբյանը, իսկ նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է Մարիա Իգնոյանը։