Արևմուտքի ճնշումը Վրաստանի վրա չաշխատեց․ Մոսկվան ողջունում է կապերի ընդլայնումը․ ՌԴ ԱԳՆ

11 Օգոստոսի 2026, 14:50

Քաղաքականություն

Արևմուտքի կողմից Վրաստանի վրա գործադրվող աննախադեպ ճնշումը ցանկալի արդյունք չի տվել։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ աշխարհագրական դիրքն ու պատմությունը Ռուսաստանին և Վրաստանին դարձնում են բնական գործընկերներ։

«Դա է վկայում նաև այն փաստը, որ նույնիսկ Թբիլիսիի վրա աննախադեպ արտաքին ճնշումը, մեր երկրի հետ համագործակցությունից հրաժարվելու պահանջով վերջնագրերը չեն ունեցել այն ազդեցությունը, որի հույսն ունեին Արևմուտքում»,- ընդգծել է Գալուզինը։

Դիվանագետը նշել է, որ չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Մոսկվան ձգտում է Վրաստանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցել։ Նա հավելել է, որ վերջին տարիներին առևտրի և զբոսաշրջության ոլորտներում տեսանելի առաջընթաց կա։

«Վրաստան գնացող ամեն չորրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանից է, իսկ ռուսական շուկան վրացական ապրանքների արտահանման հիմնական ուղղությունն է։ Մենք դա ողջունում ենք և նպատակ ունենք զարգացնել այն, ինչն իրոք կարևոր է մեր երկրների քաղաքացիների համար»,- եզրափակել է ՌԴ փոխարտգործնախարարը։