TRIPP-ը դարձել է խաղաղության պայմանավորվածությունների առանցքային բաղադրիչը․ Սթիվ Ուիթքոֆ

11 Օգոստոսի 2026, 17:40

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատել է խաղաղության պայմանավորվածությունների գործնական իրականացման ուղղությամբ, որոնց առանցքային բաղադրիչը դարձել է TRIPP-ի հայեցակարգը։ Washington Examiner-ում հրապարակված իր հեղինակային հոդվածում նա նշել է, որ ամերիկյան միջնորդությունն ուղեկցվել է Բաքվում և Երևանում ինտենսիվ հանդիպումներով, իսկ դրա արդյունքում ձևավորվել է հակամարտության կարգավորման նոր մոդել։

TRIPP-ը նախատեսում է Հայաստանի տարածքով բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ Հայաստանի ինքնիշխանության լիակատար պահպանմամբ։ Ծրագրի շրջանակում արդեն իրականացվում են երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ինժեներական ուսումնասիրություններ, կարգավորվում է պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը, ինչպես նաև կապիտալի ներգրավման մեխանիզմները։ Ուիթքոֆի խոսքով՝ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ և կայուն։

Հայաստանն ու ԱՄՆ-ը TRIPP-ի շրջանակում ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր են ստորագրել, ստեղծվել է TRIPP Development Company համատեղ ընկերությունը։ Ներդրումները խթանելու նպատակով ԱՄՆ-ը ստեղծել է Trans-Caspian Enterprise Fund հիմնադրամը՝ 201 միլիոն դոլար կապիտալով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ծրագիրն առաջին հերթին ներդրումային բնույթ ունի և պետք է ապահովի միլիարդավոր դոլարների ներհոսք Հայաստանի տնտեսություն։