Եթե արդարադատության իմիտացիայի ականատես լինենք, ապա չեմ վարանի ՀՀ իշխանությանը տանել ՄԻԵԴ. Մուրադ Փափազյան

22 Օգոստոսի 2023, 10:00

Քաղաքականություն

Ֆրանսահայ հասարակական գործիչ Մուրադ Փափազյանը, որի ՀՀ մուտքն արգելվել էր 2022-ի հուլիսի 13-ին, դատարանում վիճարկում է ՀՀ իշխանության որոշումը:

Օգոստոսի 21-ին կայացած դատական նիստից հետո նա Alpha News-ին մեկնաբանություն է տվել և տեղեկացրել, որ Երևանի վարչական դատարանը Հայաստանի Անվտանգության ծառայություններին (ԱԱԾ) երկու շաբաթ ժամանակ է տվել՝ ներկայացնելու այն պատճառները, որոնց հիման վրա արգելվել է իր մուտքը հայրենիք:

«Օգոստոսի 21-ի նիստին մեծ հույզերով էի սպասում։ Նախորդ տարվա հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստան մուտքի իմ արգելքը ահավոր տխրությունով ապրեցի։ Գիտեմ, որ այս որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարող հանդուրժել, որ սփյուռքահայ անձնավորություն մը կարող է վիճարկել իր վարած քաղաքականությունն այսօր։

Ես մի քանի անգամ արտահայտվել եմ՝ ընդգծելով մեր տարաձայնությունները՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու և Թուրքիային բացվելու վերաբերյալ։ Ես խիստ դատապարտեցի Նիկոլ Փաշինյանի կողմից իր բարձր հանձնակատարի միջոցով Սփյուռքը թուլացնելու նպատակով իրականացվող խառնակիչ աշխատանքը: Այն Սփյուռքը, որը ղեկավարել և ղեկավարում է պայքարը՝ հանուն ցեղասպանության միջազգային ճանաչման, հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անկախության։ Ո՞ւմ է ձեռնտու այս քաղաքականությունը:

Ես նաև եղել և մնում եմ մեր ազգային պայքարի նվիրված հանձնառու գործիչ:
Փաշինյանը եկավ իշխանության՝ ծածանելով ազատության և ժողովրդավարության դրոշները, բայց փաստորեն ոտնահարեց նրանց արժեքները և դրսևորեց ավտորիտարիզմ՝ պարտադրելով այս որոշումը»,- ընդգծել է Փափազյանը:

Նրա պարզաբանմամբ՝ նիստին դատավորը հաստատել է, որ Անվտանգության ծառայությունները (ԱԱԾ) չեն ներկայացրել իրենց եզրակացություններ, և նրա՝ հայրենիքից հեռացման պատճառը չի փոխանցվել դատարան:

«Մենք մեկ տարի է՝ բացատրություն ենք պահանջում, բայց նրանք ընկան անհասկանալի հակասությունների մեջ։ Իհարկե պատճառ չկա: Ոչ մի պատճառ: Ոչինչ, բացի քաղաքական տարաձայնություններից, որն անընդունելի է ժողովրդավարական երկրում: Իմ փափագն էր անձամբ ներկայանալ դատարան՝ պաշտպանվելու համար։ Փաստաբաններս միջնորդություն ներկայացրին դրա համար, սակայն դատավորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգությունը երաշխավորված չէ։

Իմ ապահովությո՞ւնը: Այո, ճիշտ է, իմ անվտանգությունը Թուրքիայում և Ադրբեջանում երաշխավորված չէ, բայց Հայաստանում ո՞վ է խաթարելու Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարդու անվտանգությունը։ Մարդ, որը պաշտպանում է Հայաստանը, բայց քննադատում է ռեժիմը: Ուրեմն, ես Հայաստանում այնքան վտանգի մե՞ջ եմ, որ դատավորը համարի, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել իմ անվտանգությունը… Ուստի, դատավորը որոշեց, որ ես կարող եմ մասնակցել դատական ​​նիստին տեսազանգի միջոցով»,- պատմել է հայցվոր Մուրադ Փափազյանը և հավելել, որ երկու շաբաթից հայտնի կդառնա դատարանի որոշման հրապարակման ամսաթիվը:

«Հանուն Հայաստանի արժանապատվության՝ ես ուզում եմ շահել այս դատավարությունը և վերականգնել վերադառնալու իմ իրավունքը, բայց եթե ականատես լինենք արդարադատության պարոդիայի, ապա չեմ վարանի իշխանություններին տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կհանդիպենք երկու շաբաթից»,- ընդգծել է ֆրանսահայ գործիչը: