Գլենդելում բացահայտվել է փոստային խարդախության սխեմա․ ոստիկանությունը ձերբակալել է հինգ հայի

15 Օգոստոսի 2026, 13:30

Հայեր

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում ոստիկանությունը բացահայտել է մի խմբի գործունեություն, որի անդամները կասկածվում են փոստային գողության, անձնական տվյալների հափշտակության և այլ անձանց անուններով վարկային քարտեր ձևակերպելու մեջ։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանություն ահազանգեր են ստացվել Արևմտյան Կոլորադո փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի փոստարկղերը կոտրելու վերաբերյալ։ Դետեկտիվները պարզել են, որ ենթադրյալ հանցագործներն օգտագործել են գողացված անձնական տվյալները՝ վարկային քարտեր ստանալու համար, որոնք այնուհետև առաքվել են նույն բնակելի համալիր։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները վնասել են փոստարկղերի կողպեքները և տեղադրել կեղծ փականներ, ինչը նրանց հնարավորություն է տվել հասանելիություն ստանալ այլ անձանց նամակագրությանը։

Օգոստոսի 13-ին իրականացված խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է քաղաքի հինգ հայ բնակիչ։ Նրանց բնակարաններում հայտնաբերվել են այլ անձանց անձնական տվյալներ, բանկային քարտերի վերագրանցման համար նախատեսված սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։

Հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը փորձում է պարզել խարդախության սխեմայի ամբողջ ծավալը և հնարավոր տուժածների թիվը։ Գործը կփոխանցվի Լոս Անջելեսի շրջանի դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու հարցը որոշելու համար։

Հիմա եթերում