Երբ դժվարությունը նոր մտահղացման սկիզբ է. արցախցի Ադելի թղթե վարդերի պատմությունը

25 Օգոստոսի 2023, 15:35

Տնտեսություն և Բիզնես

Չնայած Արցախի շրջափակման ու լիակատար պաշարման հետևանքով խանութները դատարկ են, արցախցիները մեծ դժվարությամբ, բայց շարունակում են ապրել իրենց ստեղծածով և իրար հույս տալ:

Ծննդով մարտունեցի Ադելա (Ադա) Հարությունյանը մասնագիտությամբ մատնահարդար և վարսահարդար է։ Արհեստական վարդերից բաղկացած փնջերի պատրաստման մտահղացումը նրա մոտ առաջացել է հերթական գեղեցիկ առիթի պատրաստվելու ժամանակ:

«Պիտի ծնվեր քրոջս բալիկը։ Մտածում էի՝ մեր պայմաններում ի՞նչ նվեր պատրաստել, որ և′ գեղեցիկ լինի, և′ օրիգինալ: Պատահական համացանցում հանդիպեցի, թե ինչպես են պատրաստում արհեստական փնջեր կոնֆետներից, խաղալիքներից, տարբեր նյութերից։ Որոշեցի փորձել: Համապատասխան թղթերից վարդերի փունջ պատրաստեցի, քանի որ բնական ծաղիկները քիչ են կամ գրեթե չկան: Ու ստացվեց»,- artsakhtert-ի հետ զրույցում պատմել է Ադելան։

Առաջին փունջը, որը նա տեղադրել է նաև Ֆեյսբուքյան էջում, իսկույն ուշադրություն է գրավել, որից հետո ստացել է առաջին պատվերը` ռուսաստանաբնակ մեր հայրենակցի կողմից՝ 101 վարդից բաղկացած փունջ։ Այն մեծ ոգևորություն և ուրախություն է պարգևել ինչպես հասցեատերին, այնպես էլ Ադային: Հաջորդ պատվերները սպասել չտվեցին: Անհրաժեշտ նյութերը Մարտունու խանութներից է ձեռք բերել, հիմա փնտրտուքը շարունակում է մայրաքաղաքում, քանի որ նյութերը Մարտունիում գրեթե չկան:

«Ուրախ եմ, որ հայրենիքից ու հարազատներից հեռու գտնվող պատվիրատուները հնարավորություն ունեն իմ աշխատանքների միջոցով մի փոքր ժպիտ, ուրախություն պարգևել սիրելի մարդկանց»,- նշել է նա:

Չնայած նրան, որ ընտրել է մանկավարժի մասնագիտությունը, որը դեռ նոր պետք է ուսումնասիրի, հստակ որոշել է` հետագայում էլ ավելի հմտանալ այս գործում ու գեղեցիկ, նոր աշխատանքներով ներկայանալ պատվիրատուներին: «Ներքուստ զգում ու վստահ եմ՝ մենք կկարողանանք դիմակայել ու հաղթահարել»,-ասում է նա: