Մալիշկայում դիմակավորված անձը գիշերները քարերով հարվածում է տներին․ բնակիչները տագնապի մեջ են

16 Օգոստոսի 2026, 17:58

Հայեր

Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում արդեն ավելի քան տասը օր է՝ լարված իրավիճակ է տիրում։ Ըստ Shamshyan.com-ի՝ գյուղի բնակիչները ահազանգում են, որ գիշերային ժամերին տեղանքում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, որը քարեր է նետում տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները և փորձում ահաբեկել տեղացիներին։

Բնակիչների փոխանցմամբ՝ անհայտ անձը գործում է հիմնականում կեսգիշերից հետո և աչքի է ընկնում արտասովոր արագաշարժությամբ․ մինչ բնակիչները կամ իրավապահները հասնում են դեպքի վայր, նա հասցնում է անհետանալ։ Ստեղծված իրավիճակի պատճառով գյուղացիները ստիպված են գիշերները հերթապահություն իրականացնել սեփական բակերում։

Մալիշկայի բնակիչները դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժին, սակայն իրավախախտին հայտնաբերել դեռևս չի հաջողվել։ Գյուղի երիտասարդներն իրենց ուժերով նույնպես փորձում են գտնել նրան։

Տեղացիները մտավախություն ունեն, որ գույքային վնաս պատճառելուց զատ՝ անհայտ անձի գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի ու առողջության համար, և իրավապահ մարմիններից ակնկալում են շուտափույթ ու արդյունավետ միջոցառումներ:

Հիմա եթերում