Թուրքիայում առգրավվել է 200 կգ ոսկի. ձերբակալվել են աղանդի առաջնորդն ու տասնյակ մեղադրյալներ
16 Օգոստոսի 2026, 18:40
Թուրքիայի ոստիկանությունը, փողերի լվացման գործով իրականացվող քննության շրջանակում, «Սուլեյմանջիլար» աղանդի առաջնորդ Ալիհան Քյուրիշի եղբորից առգրավել է 200 կգ ոսկյա ձուլակտոր: Հայտնաբերված ոսկու արժեքը գնահատվում է 1,34 միլիարդ լիրա (մոտ 28 միլիոն դոլար):
TRT Haber-ի տվյալներով՝ ոսկու ծագումն անհայտ է: Դատարանը կալանավորել է գործով անցնող 38 մեղադրյալներից 32-ին, այդ թվում՝ անձամբ Քյուրիշին, իսկ մյուսներն ազատ են արձակվել դատական վերահսկողության ներքո: Ավելի վաղ Անկարայի դատախազությունը 43 անձի ձերբակալման օրդեր էր կայացրել, որոնցից մի քանիսը թաքնվում են արտասահմանում:
Աղանդի վերահսկողության տակ գտնվող ընկերություններում նշանակվել են արտաքին կառավարիչներ: 20-րդ դարի կեսերին հիմնադրված «Սուլեյմանջիլար»-ը համարվում է ազդեցիկ կրոնական կազմակերպություն, որն ունի խոշոր ֆինանսական ռեսուրսներ և Ղուրանի ուսումնասիրման դասընթացների լայն ցանց: