Մախաչևը պաշտպանեց UFC-ի գոտին ու նոր ռեկորդ սահմանեց
16 Օգոստոսի 2026, 21:45
Իսլամ Մախաչևը պաշտպանեց UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը՝ Ֆիլադելֆիայում կայացած մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով իռլանդացի Իեն Մաչադո Գերիին։ Հիշեցնենք, որ գոտին նա նվաճել էր 2025 թվականի նոյեմբերին՝ ավստրալացի Ջեք Դելա Մադալենայի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Այժմ Մախաչևն ունի 29 հաղթանակ և 1 պարտություն․ սա փոքր-ինչ զիջում է Հաբիբ Նուրմագոմեդովի ցուցանիշին, ով կարիերան ավարտել էր 29–0 ռեկորդով։ Mash-ի փոխանցմամբ՝ Իսլամի թիմը դեռ մենամարտից առաջ էր որոշել, որ նա կշարունակի ելույթները UFC-ում և մենամարտերի քանակը կհասցնի 33-ի՝ Հաբիբի ռեկորդը գերազանցելու համար։ Առաջնահերթությունը մենամարտերը ժամանակից շուտ ավարտելն է։
Մախաչևը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում UFC-ի նախագահ Դանա Ուայթի հետ․ նախատեսվում է մեկ մենամարտի հոնորարը հասցնել 4 միլիոն դոլարի։ Համաձայնության հասնելու դեպքում Իսլամը կկարողանա վաստակել ավելի քան 12 միլիոն դոլար մնացած մենամարտերի համար։
Առանձնահատուկ նշվում է, որ Մախաչևը դարձավ UFC-ի պատմության մեջ միակ մարտիկը, ով տարել է անընդմեջ 17 հաղթանակ։ Նախկին ռեկորդը (16 հաղթանակ) պատկանում էր լեգենդար բրազիլացի Անդերսոն Սիլվային։
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը շնորհավորել է մարզիկին․ «Իսլամն աշխարհի լավագույն մարտիկներից մեկն է։ Նա գերազանցեց ռեկորդները և արձանագրեց արդյունք, որն արդեն մտել է պատմության մեջ։ Ռուսաստանում ուժեղ ու տաղանդավոր չեմպիոններ են մեծանում։ Շնորհավորում եմ Իսլամին այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ»։