ՀԷՑ-ը շահույթի հաշվին աջակցել է հարյուրավոր համայնքների․ Դավիթ Ղազինյան

17 Օգոստոսի 2026, 13:23

Քաղաքականություն

«Իբրև թե քննարկվում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի հարցը, բայց այստեղ խոսում են ամեն ինչից, բացի բուն թեմայից», — այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված՝ Տարածքային կառավարման և շրջական միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ որևէ պատասխանատվություն մինչև այժմ չկրած իշխանությունը խոսում է ամեն ինչից, բացի բուն հարցից։

Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ հնչող մեղադրանքներին՝ Դավիթ Ղազինյանը ընդգծել է, որ չնայած արդեն մեկ տարի է՝ մուտք չունի ՀԷՑ, սակայն պատրաստ է ապացուցել, որ ընկերությունն իր շահույթի հաշվին աջակցել է բյուջե չունեցող հարյուրավոր համայնքների։

«Դիմեք Երևանի քաղաքապետին, մարզպետներին և հարցրեք՝ քանի մանկապարտեզի ու դպրոցի մալուխներ են պայթել, և մենք որքանով ենք օգնել։ Դա արվել է շահույթի հաշվին, քանի որ այդ գույքը մեր հաշվեկշռում չէր, և մենք դա չէինք կարող ներառել սակագնի մեջ», — ասել է ընդդիմադիր պատգամավորը։