Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

18 Օգոստոսի 2026, 14:17

Քաղաքականություն

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին, հղում անելով երկրի ԱԳՆ-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի, նրա ժողովրդի և ղեկավարության հասցեին վերջին շրջանում ՌԴ տեղեկատվական դաշտում հնչող սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների առնչությամբ լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը։

Դիվանագետի ուշադրությունը հատկապես հրավիրվել է 2026 թվականի օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի հաղորդման ընթացքում հնչած հայտարարությունների վրա։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հիշեցրել է օգոստոսի 7-ին «Sputnik» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը ՌԴ-ի «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ հնչած անհեթեթ հայտարարությունների, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքի եթերում հրապարակված վիրավորական ու սադրիչ նյութերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ում «ընդգծել են երկրի ներքին գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկման և ֆիզիկական բռնության կոչերի կատեգորիկ անընդունելիությունը»։

«Նշվել է, որ տարբեր քաղաքական մակարդակներում բազմիցս հնչած նախազգուշացումներից և քննարկումներից հետո նման հռետորաբանության՝ ավելի կոշտ ձևով շարունակվելը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հանդիպման ավարտին ՌԴ-ի դեսպանին կրկին փոխանցվել է պահանջն՝ անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի տեղեկատվական դաշտում հակաադրբեջանական քարոզարշավն ու ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու համար», — նշվում է հաղորդագրությունում։