Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 1 տուժած

18 Օգոստոսի 2026, 16:36

Հայեր

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

Պարզվել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է: