Թրամփը հնարավոր է հարվածի Օմանին, բայց դա հեշտ գործ չէ. Արամ Շահնազարյան

18 Օգոստոսի 2026, 20:15

Կարծիք | Քաղաքականություն

Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում կրակի դադարեցման ռեժիմը դեռևս չի կարելի հրադադար անվանել։ Կողմերը պարզապես չեն կրակում, սակայն դա չի նշանակում, որ հաստատվել է լիարժեք հրադադար։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է սփյուռքահայ գործիչ Արամ Շահնազարյանն՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Դոնալդ Թրամփի հայտարարություններին և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Կրակի ռեժիմն է ընդհանրապես դադարեցված։ Սա, իմ կարծիքով, հրադադար չէ։ Պնդում եմ՝ սա հրադադար չէ, ընդամենը կողմերը չեն կրակում»,- նշել է Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Իրանի և Օմանի միջև միաժամանակ ընթանում են ինտենսիվ բանակցություններ Հորմուզի նեղուցի հետագա գործարկման և կառավարման վերաբերյալ։

«Իրանն ու Օմանը ինտենսիվ բանակցություններ են վարում և արդեն մոտ են համաձայնության, թե ինչպես է գործելու Հորմուզի նեղուցն ապագայում»,- հավելել է Արամ Շահնազարյանը։

Սփյուռքահայ գործչի գնահատմամբ՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև Թրամփի կողմից Օմանին ուղղված սպառնալիքները։ Նա չի բացառել, որ ԱՄՆ-ը տեսականորեն կարող է հարվածել որոշ թիրախների, սակայն հարց է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ նման քայլը Վաշինգտոնի համար։

«Տեսականորեն կարող է ինչ-որ թիրախների հարվածել, բայց ի՞նչ է դա տալու Միացյալ Նահանգներին, միջազգային հանրության մոտ ի՞նչ արձագանք է գտնելու»,- ասել է Շահնազարյանը։