ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ռուս լրագրողների նկատմամբ հայտարարված հետախուզմանը

18 Օգոստոսի 2026, 23:56

Քաղաքականություն

Անհրաժեշտության դեպքում Մոսկվան կապահովի Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուս լրագրողների շահերի պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան (փոխանցում է «ՏԱՍՍ»-ը)։

«Անհրաժեշտության դեպքում մենք կապահովենք մեր քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ նրանց միջազգային հետախուզում հայտարարելու որոշման համատեքստում», — նշված է գերատեսչության կայքում հրապարակված դիվանագետի մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի տեղեկատվական տիրույթում պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական թեզեր․

«Անհնար է չարձանագրել, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական նարատիվներ»։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան բազմիցս առաջարկել է ադրբեջանցի գործընկերներին հանգիստ մթնոլորտում, առանց հարցը քաղաքականացնելու և լրատվամիջոցներով արհեստականորեն սրելու, մասնագիտական խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական միջավայրի առողջացման հեռանկարները։

«Հույս ունենք, որ նման երկխոսություն կկայանա», — հավելել է նա։

Զախարովան նաև շեշտել է, որ այդ ռուս լրագրողների հայտարարությունները չեն արտահայտում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրանց մեղադրում է երկրի սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր անելու մեջ։