Հայաստանի ներկայիս ղեկավարությունն այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

28 Օգոստոսի 2026, 11:40

Քաղաքականություն

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով «РБК»-ի հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու ձերբակալության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշման մասին, հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն առաջնորդվում են այլ նպատակներով։

Լավրովը նշել է, որ Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար, իսկ հետագայում ՀՀ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը ևս գտնվում է հետաքննության տակ։

«Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարեր շարունակ միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ՝ շատ երկար ժամանակ, մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ծանր իրավիճակներում օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը։ Այս շահերը, իհարկե, պետք է գերակա լինեն։

Բայց այժմ Երևանում գործող իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հայտարարվել է Եվրամիությանն ուղղված կողմնորոշման նպատակի մասին, ընդունվել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք։

Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և որոշել՝ ցանկանո՞ւմ եք միանալ Եվրամիությանը, թե՞ ցանկանում եք մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում։ Իմ կարծիքով՝ սա միանգամայն հիմնավորված խնդրանք է։ Մի կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուսի նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է։

Սակայն Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանն ասել է՝ երբ ժամանակը գա, այն ժամանակ էլ կորոշեմ։ Բայց ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա», եթե դու ընդունել ես Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը։

Բառացիորեն օրեր առաջ կարդացի, որ պարոն Փաշինյանն ասել է՝ հանրաքվեի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ Եվրամիություն անդամակցելու հայտը ներկայացվի, դրա վերաբերյալ արձագանք ստացվի, և այդ անդամակցության համար մշակվի «ճանապարհային քարտեզ»։ Այդ ժամանակ էլ կանցկացվի հանրաքվեն։

Իմ կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ընտրողների և հայ ժողովրդի նկատմամբ առանձնապես մեծ վստահություն չկա։ Պետք է հստակ ցույց տալ, թե ինչ ընտրություն է արվում՝ Եվրամիությանն անդամակցե՞լ, թե՞ շարունակել ապրել այնպես, ինչպես հիմա, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարը, իսկ մեկ տարում հասել է նույնիսկ 12 միլիարդ դոլարի, և երկիրը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ», — նշել է Լավրովը։