Հայ շախմատիստների հաջողությունները Աբու Դաբիի միջազգային փառատոնում

28 Օգոստոսի 2026, 15:15

Սպորտ

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված «32nd Abu Dhabi International Chess Festival» միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարի Masters խմբում միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսել 7-15-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է 11-րդ մրցանակային տեղը։ Նույն խմբում ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Ռուդիկ Մակարյանը 6.5 միավորով եզրափակել է 4-րդ հորիզոնականը:

Open B խմբում հաջող է հանդես եկել Արթուր Ղարագյոզյանը, ով 7.5 միավորով նվաճել է բրոնզե մեդալ (3-րդ տեղ):

Հայ շախմատիստները աչքի են ընկել նաև հարակից մրցաշարերում: Վետերանների կայծակնային (բլից) շախմատի մրցաշարում հաղթողի տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, իսկ Ընտանեկան թիմային բլիցում առաջին տեղն է զբաղեցրել Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը: Կանանց բլից մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։