Իրանում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ 4 մարդ զոհվել է
02 Սեպտեմբերի 2026, 14:54
Իրանի Մեշհեդ քաղաքում մեքենան մխրճվել է փողոցում հավաքված մարդկանց բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով չորս մարդ զոհվել է, ավելի քան տասը մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ մեքենան շարժվել է մեծ արագությամբ, նախ բախվել մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։
Մեքենան բախվել է ճանապարհային նշաններին և պաշտպանիչ արգելապատնեշներին, այնուհետև դուրս եկել երթևեկելի հատվածից և մխրճվել մարդկանց մեջ։
Վարորդը ձերբակալվել է։ Ոստիկանությունից հայտնել են, որ վթարի պահին նա ոչ սթափ վիճակում է եղել, սակայն մանրամասներ չեն ներկայացրել։ Նշվում է նաև, որ քաղաքական դրդապատճառների առկայության որևէ նշան չի հայտնաբերվել, և տեղի ունեցածը նախնական գնահատմամբ դիտարկվում է որպես ճանապարհատրանսպորտային պատահար։