Սպանության փորձ, առևանգում և ապօրինի զենք. բացահայտվել են Լոռիում տեղի ունեցած դեպքի մանրամասները

04 Սեպտեմբերի 2026, 17:40

Հայեր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում բացահայտվել են 2026 թվականի հուլիսի 16-ին տեղի ունեցած մարդու առևանգման և սպանության փորձի դեպքի մանրամասները:

Ըստ քրեական վարույթի տվյալների՝ Ա.Հ.-ն, Տ.Ղ.-ն, Գ.Պ.-ն և Ս.Վ.-ն Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով ներխուժել են հյուրատուն: Այնտեղ չգտնելով նրան՝ զենքի սպառնալիքով առևանգել են վերջինիս ընկերոջը՝ Ա.Խ.-ին: Այնուհետև նկատելով ավտոմեքենայով երթևեկող Գ.Խ.-ին՝ փակել են նրա ճանապարհը, ինչից հետո Ա.Հ.-ն և Գ.Պ.-ն հրազենից առնվազն երեք կրակոց են արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ Գ.Խ.-ն ապօրինի ձեռք է բերել և կրել ատրճանակ ու փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրում:

Հսկող դատախազի որոշմամբ՝ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության, իսկ Գ.Խ.-ի նկատմամբ՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու համար:

Երկու անձ ձերբակալվել է, երեքին ձերբակալելու որոշում է կայացվել: Կատարվել է մեկ տասնյակից ավելի խուզարկություն. նախաքննությունը շարունակվում է:

Հիմա եթերում