ԿԽՄԿ-ն դեռ համաձայնություն չունի Բաքվում պահվող հայերին կրկին այցելելու համար․ Ամատունի

07 Սեպտեմբերի 2026, 15:34

Քաղաքականություն

Կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա, որպեսզի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մարդասիրական առաքելության շրջանակում՝ որպես չեզոք միջնորդ, կրկին այցելի Ադրբեջանում պահվող հայերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Զառա Ամատունին Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ նույնիսկ համաձայնություն ստանալու դեպքում կազմակերպությունը նախապես չի հայտարարի նախատեսվող այցի մասին։

«Առհասարակ, եթե լինում է հաստատում, միայն տեսակցության ավարտին մենք կարող ենք դա հրապարակային դարձնել»,– ասաց նա։

Նա նշեց, որ բոլոր ընթացակարգերը պահպանելու և, ամենակարևորը, համաձայնությունը ստանալու պարագայում պատրաստ են շատ արագ կազմակերպել տեսակցություն։

«Այս պահին նման հաստատում մենք չունենք»,– ասաց Ամատունին։

Ադրբեջանում պահվող հայերի հետ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների վերջին տեսակցությունը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին՝ արդեն այն ժամանակ, երբ կազմակերպությունն Ադրբեջանում ներկայություն չուներ։ Ամատունու խոսքով՝ չնայած ԿԽՄԿ-ն անցյալ տարվա սեպտեմբերից այլևս չի գործում Ադրբեջանում, կազմակերպության կենտրոնակայանի մակարդակով Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվում է։

Թե ինչ հարցեր են քննարկվում այդ շփումների ընթացքում, ԿԽՄԿ-ն չի հրապարակում․ կազմակերպության երկխոսությունը ներգրավված կողմերի հետ ընթանում է գաղտնապահության սկզբունքով։

«Բնականաբար, մենք փորձում ենք ուշադրություն հրավիրել բոլոր այն մարդասիրական հարցերի վրա, որտեղ մեր առաքելությունը կարող է շարունակել իրագործվել, և դրանց թվում են նաև Ադրբեջանում այս պահին պահվող հայերի տեսակցությունները»,– նշեց Ամատունին։

Հարցին, թե ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում այլևս մշտական ներկայություն չունենալը և պահվող հայերին պարբերաբար տեսակցելու հնարավորության բացակայությունն ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել հենց անազատության մեջ գտնվող անձանց համար, Ամատունին պատասխանեց` ԿԽՄԿ-ի նման այցելությունների կարևորագույն գործառույթներից մեկը պահվող անձի և նրա ընտանիքի միջև կապի պահպանումն է։

«Պատերազմական գործողությունների հետ կապված անազատության մեջ հայտնված մարդիկ ԿԽՄԿ-ի միջոցով հնարավորություն են ունենում անձնական տեղեկություններ փոխանակել հարազատների հետ։ Ընտանիքներն էլ, որոնք մշտապես անհանգստացած են իրենց հարազատի վիճակով, գոնե պարբերաբար լուր են ստանում նրանից։ Դա շատ մեծ հոգեբանական և բոլոր առումներով կարևոր նշանակություն ունի։ Դրանից զրկվելով՝ մարդիկ, բնականաբար, առաջին հերթին զրկվում են շատ կարևոր բաներից»,– մանրամասնեց Ամատունին։

ԿԽՄԿ ներկայացուցիչը նշեց, սակայն, որ ընտանիքի հետ կապը տեսակցությունների միայն մեկ բաղադրիչն է. ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն անձամբ շփվելով պահվող անձանց հետ` կարողանում են տեղեկանալ նրանց խնդիրներին, ապա դրանք կոնֆիդենցիալ ձևաչափով քննարկել պահող իշխանությունների հետ։

Դրանք կարող են վերաբերել պահման պայմաններին, անձի նկատմամբ վերաբերմունքին և այլ հարցերի։

«Երբ ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի այդ տեսակցություններն իրականացնել, մենք կարողանում ենք հետո, զրուցելով պահող իշխանությունների հետ, նրանց ուշադրությունը հրավիրել այն հնարավոր խնդիրների վրա, որոնց բախվում են և որոնց մասին մեզ հայտնում են պահվող մարդիկ, ու փորձում ենք նպաստել դրանց լուծմանը»,– պարզաբանեց Զառա Ամատունին։

Երբ տեսակցությունների այդ բաղադրիչը բացակայում է, ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի կարող գնահատական տալ, թե ինչ վիճակում են պահվող անձինք, և ինչ պայմաններում են նրանք գտնվում։