Դասական առումով մեր տնտեսությունը «Հոլանդական հիվանդությամբ» վարակված չէ.Հայկազ Ֆանյան
24 Օգոստոսի 2023, 20:37
Հայաստանում ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված տնտեսական աճը «Հոլանդական հիվանդության» նախանշաններ է ունի: Մասնավորապես, ազգային արժույթը թույլատրելիից ավելի է ամրապնդվել, ինչի հետեւանքով տեղական արտադրանքի ինքարժեքն ավելացել է՝ արտաքին շուկայի համար անմրցունակ դարձնելով տեղակական արտադրանքը: Տնտեսագետներն նման իրավիճակը «Հոլանդական հիվանդության» սինդրոմ են համարում:
Alpha News-ի հետ զրույցում «Աքսես» վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը նշում է, որ Հայաստանի տնտեսական խնդիրները, թեպետ, նման են «Հոլանդական հիվանդության ախտանիշերին», սակայն տերմինն օգտագործել չէր ցանկանա:
«Ես սա դասական առումով «Հոլանդական հիվանդություն» չէի համարի: Մեր առևտրային հաշվեկշռում էական փոփոխություն է տեղի ունեցել և դա իր ազդեցությունն է թողնում փոխարժեքի վրա և շղթայաբար անդրադառնում այլ ցուցանիշներին»,- բացատրում է Ֆանյանը:
«Հոլանդական հիվանդությունը» տնտեսագիտական և մեդիա շրջանակում կիրառվող տերմին է, որը ծնվել է, երբ 1970-ականներին Նիդերլանդներում հայտնաբերել են նավթագազային մեծ պաշարներ ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեծ քանակությամբ արտարժույթ է ներհոսել երկիր, ինչը հանգեցրել է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների:
Ըստ Հայկազ Ֆանյանի՝ Հայաստանում ոչ թե հումքի, այլ պարզապես, վերարտահանման աճ է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ տնտեսությունը կարելի է նմանեցնել մարդու օրգանիզմին: Երբ ինչ-որ օրգան փոփոխության է ենթարկվում, այն ազդեցություն է ունենում մնացած օրգան համակարգերի վրա: Դրամի արժևորման ֆոնին հայկական ապրանքատեսակները պակաս մրցունակ են դարձել արտահանման հիմնական երկրներում:
«Եթե Հայաստանում արտադրված որևէ ապրանքի ինքնարժեքը նախկինում 1000 դրամ էր՝ 2021-ի փոխարժեքով 2 դոլարից մի փոքր ավելի, այսօր դոլարի փոխարժեքը 386 դրամ է, հետևաբար, այդ ապրանքի գինն արդեն կազմում է 2.6-2.7 դոլար»,-պարզաբանում է մասնագետը՝ հավելելով, որ արտահանվող ապրանքի գինը արդեն մոտ 15-20 տոկոսով ավելի թանկ է:
Ըստ Հայկազ Ֆանյանի՝ Ղազախստանում, Ղրղզստանում և ԵԱՏՄ որոշ երկրներում եւս արձանագրվել է նույն տնտեսական վարքագիծը: Ֆանյանն ընդգծում է՝ ինչ-որ պահից սկսած, մեր տնտեսության վրա ազդող արտաքին գործոնները վերանալու են:
«Մենք ձևավորում ենք բարձր բազա և ամեն տարի ավելի դժվար է լինելու այդ բազայից ավելի տնտեսական աճ ապահովելը»,- նշում է ֆանյանը և, միևնույն ժամանակ հավելում՝ տնտեսական ապոկալիպտիկ վերջաբանին չի հավատում: