Սա ադրբեջանական քաղաքականության իրականացման ցինիկ և կոպիտ օրինակ է. Անդրեյ Նիկուլին

24 Օգոստոսի 2023, 19:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Նիկուլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լաչինի միջանցքի միակողմանի հնարավոր բացման մասին լուրը: Նրա կարծիքով՝ Բաքուն ցանկանում է օգտվել Ղարաբաղում տիրող անտանելի իրավիճակից՝ իր ծրագրերն իրականացնելու համար։

«Բաքվում հասկանում են, որ Արցախում բարոյական իրավիճակն այժմ անտանելի է՝ բոլոր ուղղություններով։ Հումանիտար ճգնաժամը, տնտեսական բաղադրիչը, պարենի և դեղորայքի պակասը, այս ամենը Բաքվի համար հնարավորություն է ստեղծում միակողմանի բացել դարպասները։

Այսպիսով, Ադրբեջանի պատկերացմամբ, Ղարաբաղի բնակչության հիմնական մասը կլքի տարածաշրջանը, հասկանալով՝ կապիտուլյացիայի հարցը ժամանակի հարց է։ Ադրբեջանին ձեռնտու է, որ ակտիվիստների, անկախության կողմնակիցների հիմնական մասը հեռանա, որպեսզի Ղարաբաղի հետագա զավթման գործընթացը հնարավորինս անցավ, անաղմուկ ու առանց աժիոտաժի ընթանա։

Սա Բաքվի ղեկավարության ցինիկ, բայց եւ հասկանալի տրամաբանությունն է։ Փիարի տեսանկյունից Ալիևին ձեռնտու չէ, որ Ղարաբաղի ողջ բնակչությունը փախչի։ Նրա պատկերացմամբ՝ այնտեղ կմնան մի քանի հազար բնակիչներ, հիմնականում՝ թոշակառուներ և սոցիալապես անապահովներ, որոնք պարզապես գնալու տեղ չունեն, և որոնց Ալիևը հետո ցույց կտա միջազգային դիտորդներին», — ասել է Նիկուլինը։