Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ իշխանության․ Սամվել Կարապետյան
24 Սեպտեմբերի 2026, 13:17
Մեր հանդիպումները եղել են այն ուժերի հետ, որոնք իրական ընդդիմություն են, ովքեր մեկ նպատակ ունեն՝ ազատագրել մեր երկիրը այս չարիքի իշխանությունից, բայց կան ընդդիմադիր ուժեր, որոնք իրենց սև գործն արեցին ընտրական փուլում։ Այս մասին 24news-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ բոլորի հետ համախմբում չի ստացվի, դա կլիներ շատ վտանգավոր քայլ։
«Նախընտրական փուլում էլ նույնն էին ասում, բայց դա կլիներ մեզ ոչնչացնել, ոչնչացնել «Ուժեղ Հայաստանի» գաղափարը։ Եթե բոլորը իրենց ամբիցիաներով գալիս տեղավորվում են քո ուժի մեջ, դու դառնում ես բոլորի նման։ Ես գիտեմ՝ մեզ քննադատող ընդդիմադիր ուժեր կան, բայց այդ ուժերը պետք է իրենց հաշիվ տան, ինչի համար իրենք օգնեցին Փաշինյանին մնալ իշխանության։ Մենք մեր հասանելիքն արել ենք, իսկ իրենք մեր ձայները նվիրել են Փաշինյանին։ Հիմա ամեն օր տարբեր ստուդիաներով խելացի դեմքով ուզում են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Չի լինելու այդպիսի ուժերի հետ ոչ մի համախմբում։ Իսկ այն ուժերի հետ, ովքեր պատրաստ են ու ընդունում են մեր գաղափարախոսությունը, որ այս իշխանությունը պետք է հեռանա՝ բոլորի հետ հանդիպումներ եղել են, բոլորի հետ մոտեցումները նույնն են և դրա արդյունքը մենք անպայման կտեսնենք»։