ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդրադարձ է կատարվել Արցախում իրականացված էթնիկ զտումներին և մշակութային ցեղասպանությանը

25 Սեպտեմբերի 2026, 16:50

Քաղաքականություն

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» (CSI) կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն, դոկտոր Ջոել Վելդկամպը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

Իր ելույթում Վելդկամպը հիշեցրել է, որ լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Ադրբեջանը բռնազավթեց Լեռնային Ղարաբաղը և այնտեղից ամբողջությամբ տեղահանեց հայ բնակչությանը։ Նա ընդգծել է, որ Բաքուն մինչ օրս արգելում է ավելի քան 150,000 տեղահանված հայերի վերադարձն իրենց տները՝ բացահայտորեն արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը։

CSI-ի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել նաև Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար պահվող 20 հայ գերիների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պարբերական ոչնչացման վրա՝ որպես վերջին օրինակ նշելով Շուշիի մերձակայքում գտնվող միջնադարյան գերեզմանատան ավերումը։

«Խորապես մտահոգիչ է այն փաստը, որ 150 դիվանագետներից բաղկացած խումբն այցելել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված բնակավայրեր, որտեղ ադրբեջանցի պաշտոնյաները կեղծել են պատմությունը՝ միջնադարյան հայկական եկեղեցիները ներկայացնելով որպես այլ ժողովրդի մշակութային ժառանգություն»,- նշել է Վելդկամպը։

Ելույթում ընդգծվել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղությունը չի կարող կառուցվել էթնիկ զտումների, ապօրինի կալանավորումների և մշակութային վանդալիզմի հենքի վրա։

Կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ձեռնարկել գործուն միջոցներ՝ ապահովելու արցախահայության անվտանգ վերադարձն իրենց հայրենիք՝ մարդու իրավունքների լիարժեք երաշխիքներով։ Որպես դրան հասնելու գործնական քայլ՝ առաջարկվել է աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության ֆորումի անցկացման վերաբերյալ։