Մի կրկնեք Հայ Առաքելական եկեղեցու սխալները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վրաց եկեղեցուն
25 Սեպտեմբերի 2026, 17:54
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երկրի տարածքում գտնվող Կուրմուկի (Սուրբ Գևորգ) եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի մտահոգություններին։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ վրացական կողմի հայտարարությունը «հակասում է երկու երկրների միջև առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների ոգուն»։ Բացի այդ, Բաքուն անընդունելի է համարել Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունների ներկայացումը այլ անվանումներով։ Հայտարարության մեջ նաև զգուշացում է հնչել Վրաց եկեղեցուն՝ «չկրկնել Հայ Առաքելական եկեղեցու սխալները»։
Ավելի վաղ Վրաց պատրիարքարանը մտահոգություն էր հայտնել պատմական Էրեթիի Սուրբ Գևորգ (Կուրմուկի) մայր տաճարում և դրա հարակից տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Վրացական կողմը ընդգծել էր, որ թեև տաճարը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն հանդիսանում է Վրաստանի և Վրաց եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձաններից մեկը։