Կառավարության զեկույցը եկեղեցու ինքնավարությանը միջամտության ապացույց է․ Արա Զոհրաբյան
25 Սեպտեմբերի 2026, 21:30
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) «բարենորոգման» վերաբերյալ ՀՀ կառավարության հրապարակած զեկույցը պետության և գործող իշխանությունների ապօրինի միջամտությունն է եկեղեցու ինքնավարությանը։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանն՝ անդրադառնալով գործադիրի ներկայացրած փաստաթղթին։
Ըստ նրա՝ հրապարակված փաստաթուղթն ինքնին իրավական հիմք է ապագայում պատասխանատվության ենթարկելու այն պաշտոնատար անձանց, որոնք խախտել են ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված եկեղեցու անկախության պահանջը։
«Այս զեկույցը հանցագործության մասին ապացույց է, որը փաստում է իշխանության ապօրինի միջամտությունը եկեղեցու ինքնավարությանը։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ ապագայում հարուցվելիք քրեական վարույթով, երբ այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվեն մեղադրյալի աթոռին, այս փաստաթուղթը գնահատվելու է ապացույցների շարքում»,- ընդգծել է Արա Զոհրաբյանը։
Անդրադառնալով Եկեղեցու դիրքորոշմանը՝ փաստաբանը նշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դրսևորում է հայրական վերաբերմունք ու հանդուրժողականություն՝ «հնարավորություն տալով սխալվածներին ուղղվելու, ինչպես հայրն է անում անառակ որդու պարագայում»։
«Սակայն մենք՝ որպես ՀԱԵ հետևորդներ, չենք պատրաստվում հանդուրժել այս ապօրինությունները»»,- նշել է նա։
Զոհրաբյանը հավելել է, որ «բարենորոգման» ծրագրին միացած կամ իշխանությունների հետ համագործակցող հոգևորականներն ի վերջո հայտնվելու են հենց այդ համակարգի թիրախում, քանի որ «կուռք ստեղծողները վերջում դառնում են այդ նույն կուռքի առաջին զոհերը»։