Արցախը Հայաստանի բեռը չէր, Արցախը Հայաստանի պաշտպանությունն էր․ Ավետիք Չալաբյան
27 Սեպտեմբերի 2026, 12:30
44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի դեմ սպառնալիքները չեն ավարտվել, իսկ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը երկիրը հասցրել է խորագույն փակուղու։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային ճգնաժամին և 44-օրյա պատերազմի պատճառներին։
Չալաբյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմը դեռևս չավարտված հակամարտության ամենախոշոր, բայց ոչ միակ փուլն էր, որին հաջորդեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիան և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ իրականացված ռազմական գործողությունները, ինչն էլ հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։
Խոսելով իշխանությունների որդեգրած թեզերի մասին՝ Ավետիք Չալաբյանը նշել է.
«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը համարում էր, թե Արցախը Հայաստանի համար բեռ է, և Արցախը հանձնելով՝ կարելի է այդ բեռից ազատվել, մեր ժողովրդին տարավ խորագույն փակուղի և մոլորության մեջ։ Դա բացարձակ հակապատմական և հակագիտական մտայնություն էր։ Արցախը Հայաստանի բեռը չէր, Արցախը Հայաստանի պաշտպանությունն էր, մասնավորապես՝ մեր հարավային հատվածի պաշտպանական վահանը։ Այդ պաշտպանությունը հիմարաբար կորցնելով՝ մենք անպաշտպան ու խոցելի դարձրինք ամբողջ Հայաստանը, ինչի հետևանքով էլ այսօր մեր երկրի վրա ճնշումներն ավելանում են բոլոր կողմերից»։