Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել․ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
29 Սեպտեմբերի 2026, 16:20
Թվում էր՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումների էջն արդեն փակված է։ Ընտրական գործընթացի ընթացքում բարձրաձայնված խախտումները, ճնշումների վերաբերյալ ահազանգերն ու իրավական հարցադրումներն աստիճանաբար դուրս էին մղվում հանրային օրակարգից։ Սակայն երեկ հրապարակային քննարկման առարկա դարձած ԵԽԽՎ զեկույցը այդ թեման կրկին վերադարձրեց ուշադրության կենտրոն՝ արդեն եվրոպական կառույցի պաշտոնական փաստաթղթում արձանագրված մտահոգությունների տեսքով։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Փաստաթղթում արձանագրված խնդիրների շրջանակը բավականին լայն է՝ պետական ծառայողների նկատմամբ ճնշումներից և ընտրություններից առաջ կառավարության հայտարարած սոցիալական ու տնտեսական միջոցառումներից մինչև քարոզարշավի ֆինանսավորման ոչ բավարար կարգավորումն ու բազմաթիվ քրեական հետապնդումները, հատկապես՝ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից մի քանի ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը, քանի որ այդ որոշումը վճռորոշ նշանակություն է ունեցել ընդդիմադիր ուժի խորհրդարանական ներկայացվածության հարցում։ Վերջնական արդյունքներով՝ այդ ուժը ստացել է ձայների 3,99 տոկոսը՝ ընդամենը մեկ հարյուրերորդական տոկոսով չհաղթահարելով խորհրդարան անցնելու 4 տոկոսի շեմը։
ԵԽԽՎ զեկուցողը հստակ արձանագրում է, որ համապատասխան տեղամասերում նոր քվեարկության անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ, մինչդեռ ԿԸՀ-ն մերժել է այն՝ առանց իրական հիմնավորման։ Ավելին, զեկուցողն ընդգծում է, որ նման նշանակության որոշումը պետք է հիմնված լիներ ամուր, թափանցիկ և ստուգելի հիմքերի վրա, ինչն, նրա գնահատմամբ, այս դեպքում չի ապահովվել։
Սա այլևս պարզապես ընտրական վարչարարության տեխնիկական դրվագ չէ։ Երբ պետական մարմնի որոշումից է կախված քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածությունը, այդ որոշման համար անհրաժեշտ են իրավական հստակություն, թափանցիկություն, ստուգելի հիմնավորում և արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն։
Զեկույցի թերևս ամենաուշագրավ մասը Հայաստանի իշխանություններին ուղղված առաջարկություններն են։ Դրանց ձևակերպումները շատ ավելի ուղիղ են և, որոշ դեպքերում, աննախադեպ հստակ։
ԵԽԽՎ-ն, ի թիվս այլ քայլերի, Հայաստանի իշխանություններին կոչ է անում.
Ամրապնդել ընտրական վարչարարության մարմիններում նշանակումների անկախությունը,
Ամբողջությամբ կարգավորել վարչական ռեսուրսի օգտագործումը և արդյունավետ պատասխանատվություն նախատեսել դրա չարաշահման համար,
Վերանայել իրավապահ մարմինների գործելակերպը՝ այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին,
Ապահովել ընտրական գործընթացներին առնչվող դատավարություններում պատշաճ իրավական ընթացակարգը։
Հատկապես կարևոր եմ համարում զեկույցի հետևյալ ձևակերպումը. ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին բառացիորեն կոչ է անում «վերջ դնել ընդդիմության նկատմամբ ԸՆՏՐՈՎԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻՆ»։
Սա այլևս միայն ընդդիմության քաղաքական գնահատականը չէ։ Երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընտրական դիտորդական զեկույցում Հայաստանի իշխանություններին ուղղված առաջարկությունների շարքում հայտնվում է «ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումներին վերջ դնելու» պահանջը, չափազանց լուրջ ազդակ է հնչում Հայաստանի իրավական և ժողովրդավարական համակարգի վիճակի վերաբերյալ։ Այդ ձևակերպումը պետք է կարդալ հենց այնպես, ինչպես գրված է՝ առանց դրա նշանակությունը մեղմացնելու։
Նույնքան կարևոր է ընտրական վարչարարության անկախության վերաբերյալ ԵԽԽՎ պահանջը։ Այս համատեքստում դժվար է անտեսել այն փաստը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս նախագահ Վահագն Հովակիմյանը մինչ այդ եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ղեկավար մարմնի անդամ և նույն քաղաքական ուժի պատգամավոր, իսկ ԿԸՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հետևաբար, ընտրական վարչարարության իրական և ընկալվող անկախության հարցը վերացական ինստիտուցիոնալ խնդիր չէ, այլ հանրային վստահության հիմնարար պայման։
Զեկույցում ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին նաև կոչ է անում պարզեցնել տեղահանված և խոցելի ընտրողների՝ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ իրավական ու փաստաթղթային ընթացակարգերը և արագացնել քաղաքացիության ու գրանցման գործընթացները։ Այս հարցը հատկապես կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի համատեքստում, որոնց մի մասի համար քաղաքացիության և համապատասխան փաստաթղթերի հետ կապված իրավական կարգավիճակը գործնական խոչընդոտ է դարձել Հայաստանի քաղաքական կյանքին, այդ թվում՝ ընտրություններին լիարժեք մասնակցելու համար։
Այս ամենի ֆոնին արժե մեջբերել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի գնահատականը․ «Իշխող ուժի կողմից թույլ տրված համակարգային խախտումները հստակ բացահայտված են, և սա կարելի է ու պետք է համարել հաղթանակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միակողմանի քարոզչության դեմ»։
«Amsterdam & Partners»-ը ևս ամիսներ շարունակ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Մեր դիմումներում և նամակներում ներկայացրել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրն արձանագրված խնդիրները, ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները, հոգևորականների նկատմամբ ճնշումները և քաղաքական իշխանության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքին։
Այս հարցերը մեզ համար երբեք չեն եղել քաղաքական համակրանքի կամ հակակրանքի խնդիր։ Խոսքը հիմնարար սկզբունքների մասին է՝ օրենքի առջև հավասարություն, քաղաքական բազմակարծություն, ազատ և արդար ընտրություններ, արդյունավետ իրավական պաշտպանություն, կրոնի ազատություն և անկախ ինստիտուտների պաշտպանություն պետական միջամտությունից։
Ուստի ԵԽԽՎ այս զեկույցը որոշակի տեղաշարժի նշան եմ համարում։ Դրանում միանշանակորեն իր ներդրումն ունի Հայաստանի ընդդիմության և բոլոր այն անձանց ու կազմակերպությունների հետևողական աշխատանքը, որոնք ամիսներ շարունակ փաստագրել, բարձրաձայնել և միջազգային կառույցներին են ներկայացրել տեղի ունեցողը։ Երբ փաստերը շարունակաբար ներկայացվում են, և դրանց ծավալը մեծանում է, դրանք անտեսելն ի վերջո դառնում է անհնար։
Եվ այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Հայաստանի գործող իշխանությունները վերջին տարիներին վայելել են եվրոպական բազմաթիվ գործընկերների ընդգծված քաղաքական աջակցությունը։ Հենց այդ պատճառով առավել նշանակալի է, որ այսօր եվրոպական կառույցի պաշտոնական փաստաթղթում արձանագրվում են ընտրական գործընթացի այնպիսի խնդիրներ, որոնք այլևս հնարավոր չէ շրջանցել կամ ներկայացնել որպես ներքաղաքական սովորական հակադրության դրսևորումներ։
Սա դեռ բավարար չէ, байց ողջունելի է, որ միջազգային կառույցների արձագանքներում արդեն նկատելի է այն, ինչի անհրաժեշտության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները գնահատել ոչ թե քաղաքական նախապատվությունների, այլ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նույն չափանիշներով, որոնք կիրառվում են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների նկատմամբ։
Թերևս կարելի է ասել՝ սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել։
Հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն խնդիրների արձանագրումը, այլև դրանց նկատմամբ հետևողական միջազգային ուշադրությունը։ Ժողովրդավարական չափանիշներն արժեք ունեն միայն այն դեպքում, երբ դրանք կիրառվում են հավասարապես՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին»։