Սա էթնիկ զտում է՝ պարզ և հստակ, բայց մենք կրկին ականատես եղանք ՄՔԴ-ի անգործությանը.Վարդևանյան
30 Սեպտեմբերի 2026, 22:00
Երբ ստեղծվեց Հռոմի կանոնադրությունը, միջազգային հանրությունը խոստացավ, որ մարդկությանը մտահոգող ամենալուրջ հանցագործություններն անպատիժ չեն մնա։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործունեությանը, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին և միջազգային հանրության կողմից դրսևորվող անգործությանը:
Նրա խոսքով՝ երբ այսօր քննարկվում է Միջազգային քրեական դատարանին սպառնացող հնարավոր վտանգները, միևնույն ժամանակ պետք է դիմակայել հենց դատարանի ներսից եկող մեկ այլ սպառնալիքի՝ անգործությանը։
«2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերն աշխարհը պասիվ դիտորդ էր Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում, տեղի ունեցող սարսափելի հանցագործությունների նկատմամբ։ Ի վերջո, Ադրբեջանի այն պետական պաշտոնյաների դեմ, որոնք անմիջականորեն կապված են հնարավոր նողկալի գործողությունների հետ, Միջազգային քրեական դատարանը որևէ գործողություն չձեռնարկեց։ Արդյոք սա սպառնալիք է ՄՔԴ-ի համար։ Մենք կարծում ենք՝ այո»,- նշել է Վարդևանյանը։
Պատգամավորը հիշեցրել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված բռնի տեղահանության մասին՝ այն որակելով հստակ էթնիկ զտում, որին դարձյալ հաջորդեց միջազգային կառույցի լռությունը։
«2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120,000 քրիստոնյա հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից։ Սա էթնիկ զտում է՝ պարզ և հստակ, բայց մենք կրկին ականատես եղանք Միջազգային քրեական դատարանի անգործությանը։
Մենք հավատում ենք իրական խաղաղությանը, հավատում ենք մեր երկրների միջև խաղաղությանը, բայց ես ավելի քան վստահ եմ, որ իրական խաղաղություն չի կարող լինել առանց պատասխանատվության։ Հետևաբար, ընտրողական անգործությունը չի կարող ընդունելի լինել ո՛չ Միջազգային քրեական դատարանի, ո՛չ էլ միջազգային հանրության համար։ Օրենքի գերակայությունը պետք է գերիշխի»,- եզրափակել է Արամ Վարդևանյանը։