FlyDubai-ը ժամանակավորապես կդադարեցնի Իսրայելից և դեպի Իսրայել չվերթները
01 Հոկտեմբերի 2026, 10:40
FlyDubai ավիաընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի Իսրայելից և դեպի Իսրայել բոլոր չվերթները՝ թռիչքի ժամանակ օդաչուի կողմից գործընկերոջ վրա հարձակման միջադեպի հետաքննության ընթացքում։ Այս մասին սեպտեմբերի 30-ին նշվել է ավիափոխադրողի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«FZ 1073 չվերթի հետ կապված միջադեպի պատճառով և համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ՝ FlyDubai-ի չվերթները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ կդադարեցվեն հետաքննության անցկացման ժամանակահատվածում»,— ասվում է հայտարարության մեջ։
Ընկերությունից նշել են, որ իրենց համար առաջնայինը ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն է։ Ժամանակավոր սահմանափակումները թույլ կտան համապատասխան մարմիններին շարունակել աշխատանքը և պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։
FlyDubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը սեպտեմբերի 30-ին կարճ ժամանակով արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել, այնուհետև փոխանցել է ինքնաթիռի առևանգման մասին հաղորդելու համար օգտագործվող կոդը։
Նախնական տվյալներով՝ երկրորդ օդաչուն դանակով հարվածել է հրամանատարին, այնուհետև փորձել է կործանել ինքնաթիռը։ Տուժածը Հնդկաստանի քաղաքացի է եղել։ Հարձակվողին վնասազերծելուն օգնել են չվերթի ուղևորները։
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում, իսկ երեկոյան փրկարարական ինքնաթիռով ուղևորներին տեղափոխել են Թել Ավիվ։