Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան ավագ խորհրդական Ուայթ Քեյնին
01 Հոկտեմբերի 2026, 17:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի համապատասխան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ երկխոսության կարևորությունը: Նա առանձնահատուկ արժևորել է Ուայթ Քեյնի մասնակցությունը Հայաստանում սպասվող Աղոթքի 2-րդ նախաճաշին՝ հույս հայտնելով, որ այն հարթակ կդառնա տարբեր երկրների ներկայացուցիչների միջև անկեղծ երկխոսության համար: Վարչապետը դրական է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վերջերս կայացած հանդիպումը՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների գործընկերությունը, քրիստոնեական ընդհանուր ժառանգությունն ու արժեքները:
Իր հերթին Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և միջոցառմանը հրավիրելու համար՝ վստահեցնելով, որ Սպիտակ տունը շահագրգռված է խորացնել համագործակցությունը ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ Միացյալ Նահանգների հայ հոգևոր առաջնորդների հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Աղոթքի նախաճաշի օրակարգային դրույթների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: