Հայաստանի քաղաքացիների շահերը արևմտյան դերակատարների համար առաջնահերթություն չեն․ Ստևան Գայիչ

01 Հոկտեմբերի 2026, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան Գայիչը Alpha News-ին մեկնաբանել է Եվրամիության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, տարածաշրջանում արևմտյան երկրների շահերն ու Երևանի՝ եվրոպական կառույցների հետ հետագա մերձեցումը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունն առաջին հերթին պայմանավորված է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերով և Ռուսաստանի դեմ հակադրությամբ։ Գայիչը կարծում է, որ այդ համատեքստում արտաքին դերակատարների համար հայկական հասարակության շահերը առաջնահերթություն չեն։

«Եվրամիությունը, հատկապես նրա ներկայիս ղեկավարությունը, Հայաստանին որևէ այլ կերպ չի դիտարկում, քան առաջին հերթին Ռուսաստանի դեմ իր աշխարհաքաղաքական խաղի շրջանակում։ Բացի այդ, Իսրայելի համար Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտակար լինել Իրանի դեմ ուղղված նրա քաղաքականության և երկարատև պատերազմի համատեքստում։ Այսպիսով, Հայաստանի քաղաքացիների շահերը, բացի հենց հայերից, ոչ ոքի համար կարևոր չեն։ Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանը հիմա գտնվում է շատ ծանր ժամանակաշրջանում»,- հայտարարել է փորձագետը։

Գայիչի խոսքով՝ նմանատիպ գործընթացներ նա նկատում է նաև Սերբիայում։ Փորձագետը զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Կոսովոյի ու Մետոխիայի սերբերի դրության միջև՝ միաժամանակ ընդգծելով այդ տարածքների իրավական կարգավիճակների տարբերությունները։

«Ես կարող եմ պատասխանատվությամբ ասել, որ Սերբիայում Ալեքսանդր Վուչիչի իշխանության գալուց հետո տեղի ունեցավ նմանատիպ գործընթաց։ Ինչպես Փաշինյանը դավաճանեց Արցախի հայերին, այնպես էլ Վուչիչը դավաճանեց Կոսովոյի և Մետոխիայի սերբերին։ Հյուսիսային Կոսովոն քայլ առ քայլ անցնում էր այլ իշխանությունների վերահսկողության ներքո, մինչդեռ նախկինում այնտեղ գործում էին սերբական պետական կառույցներ։ Իրավական կարգավիճակի տեսանկյունից իրավիճակները նման չեն, սակայն գործընթացների էությունն ընդհանուր առմամբ նման է։ Սերբիան այնտեղ վերահսկողություն ուներ, բայց ի վերջո հրաժարվեց դրանից՝ նույնիսկ առանց պայքարի»,- ասել է Գայիչը։

Գայիչը նաև անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Նրա կարծիքով՝ եվրոպական կառույցների հետ մերձեցման գործընթացն ինքնին չի նշանակում, որ որոշումների ընդունման ժամանակ հաշվի են առնվելու հայկական հասարակության շահերը։

«Եվ այստեղ մենք գտնվում ենք հավերժական եվրոպական ճանապարհին, որի իմաստը միայն այդ ճանապարհով շարժվելն է։ Կարծում եմ՝ հայերին նույնպես անվստահությամբ են վերաբերվում, քանի որ Հայաստանը, կարելի է ասել, դարեր շարունակ եղել է Ռուսաստանի դաշնակիցը, և դա ընկալվում է որպես ժողովրդի քաղաքակրթական ընտրություն։ Այդ պատճառով կարծում եմ, որ Արևմուտքը Հայաստանի՝ հենց հայերի շահերը հաշվի առնելով ինտեգրվելու անկեղծ ցանկություն չունի։ Այս գործընթացով առաջին հերթին շահագրգռված է դրան մասնակցող իշխանությունը, ինչպես նաև այն մարդիկ, որոնք դրանից կոնկրետ օգուտ են ստանում։ Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Նույնը մեզ մոտ է։ Մեզ մոտ արդեն երկու տարի շարունակ լուրջ ցույցեր են տեղի ունենում, հոկտեմբերի 25-ին ընտրություններ են լինելու, և քաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու։ Կարծում եմ՝ նույն ճանապարհն է սպասվում նաև հայերին, քանի որ այլ կերպ այս պարտությունը պարտության հետևից չի ավարտվի»,- հավելել է Գայիչը։

Հիմա եթերում