Էներգասպառման աճն ու ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերումը Հայաստանից նոր հզորություններ կպահանջեն․ Իգոր Յուշկով
01 Հոկտեմբերի 2026, 22:45
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հեռանկարները, էներգասպառման աճն ու նոր ատոմային էներգաբլոկի հնարավոր կառուցումը։
Փորձագետի կարծիքով՝ տնտեսության և տվյալների կենտրոնների զարգացման ֆոնին Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կպահանջի գործող ԱԷԿ-ի փոխարինում, ինչպես նաև ռուսական գազի մատակարարման պայմանների հնարավոր փոփոխությունների հաշվառում։
«Իրոք, էներգասպառման աճի ռիսկեր կան։ Հայաստանը հույս ունի, որ տնտեսությունը կզարգանա, հետևաբար էներգիայի պահանջարկը գնալով կաճի։ Միաժամանակ ի հայտ են գալիս տվյալների կենտրոնների և էներգատար այլ օբյեկտների ստեղծման նախագծեր, որոնք երկրում լրացուցիչ գեներացիայի անհրաժեշտություն կառաջացնեն։ Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ գործող ատոմակայանը մոտակա կամ միջնաժամկետ հեռանկարում, այնուամենայնիվ, պետք է շահագործումից դուրս բերվի։ Բացի այդ, անորոշություն կա գազի մատակարարման պայմանների հարցում։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա գազի գինը առնվազն 30 տոկոսով կաճի, քանի որ ներկայում ԵԱՏՄ-ում արտահանման և ներմուծման մաքսատուրքեր չկան, մինչդեռ Ռուսաստանում խողովակաշարային գազի արտահանման մաքսատուրքը կազմում է շուկայական արժեքի 30 տոկոսը»,- նշել է Յուշկովը։
Փորձագետի խոսքով՝ գազի գնի աճը կստիպի Հայաստանին փնտրել էլեկտրաէներգիայի արտադրության առավել շահավետ տարբերակներ, մինչդեռ մեկ մոդուլային էներգաբլոկը կարող է բավարար չլինել էներգահամակարգի պահանջները ծածկելու և շահագործումից դուրս բերվող գործող էներգաբլոկը փոխարինելու համար։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի գինը կաճի, և հարց կառաջանա՝ այդ դեպքում ո՞ր տեսակի գեներացիայի կառուցումն է առավել շահավետ։ Այդ պատճառով էլ ենթադրություն է առաջանում, որ մեկ մոդուլային էներգաբլոկը բավարար չէ, քանի որ դրա հզորությունը չի կարողանա փոխհատուցել ոչ գործող հին էներգաբլոկի դուրսբերման հետևանքով առաջացող կորուստը, ոչ էլ աճող էներգահամակարգի պահանջները։ Մոդուլային էներգաբլոկները նախատեսում են համեմատաբար փոքր հզորություն և էլեկտրաէներգիայի արտադրության փոքր ծավալ։ Հետևաբար անհրաժեշտ է կամ կառուցել մեծ հզորության դասական ատոմակայան՝ այն, ինչ, օրինակ, «Ռոսատոմը» սովորաբար իրականացնում է արտասահմանյան նախագծերում, կամ կիրառել հզորությամբ համադրելի մեկ այլ լուծում։ Բելառուսում, օրինակ, կառուցվել է երկու՝ յուրաքանչյուրը 1200 մեգավատ հզորությամբ ռեակտորներից բաղկացած ատոմակայան։ Եգիպտոսում «Ռոսատոմը» կառուցում է մոտ 1000 մեգավատ հզորությամբ էներգաբլոկներ»,- հայտարարել է փորձագետը։
Յուշկովը նաև ընդգծել է, որ խոշոր ԱԷԿ-ի կառուցումը կապված է տեխնիկական, ֆինանսական և քաղաքական ռիսկերի հետ, իսկ ռուսական պետական վարկի միջոցով նախկին ֆինանսավորման սխեման այսօր ավելի ռիսկային է թվում։
«Այստեղ ակնարկն այն է, որ «Ռոսատոմը» պետք է, այնուամենայնիվ, կառուցի ատոմակայանը։ Վերջերս «Ռոսատոմի» ղեկավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է իրականացնել այդ նախագիծը, սակայն պետք է հասկանալ, որ նման նախագծերի իրականացման ռիսկերն այն հին սխեմայով, երբ «Ռոսատոմը» գալիս էր ռուսական պետական վարկով, ռուսական միջոցներով կառուցում կայանը, իսկ ներդրումները վերադարձվում էին շինարարության ավարտից և էլեկտրակայանի գործարկումից հետո, այժմ Ռուսաստանի համար ավելի բարձր են դարձել։ Կայանի կառուցումը նախագծի մեկնարկից տևում է հինգից յոթ տարի, և դժվար է ասել, թե հինգից յոթ տարի անց ինչպիսին կլինեն մեր միջև քաղաքական հարաբերությունները։ Հանկարծ մեզ հետո ասեն, որ ձեր բանկերը պատժամիջոցների տակ են, ուստի չենք կարող գումարը ձեզ հետ վերադարձնել, կամ այլ սահմանափակումներ ի հայտ գան»,- պարզաբանել է Յուշկովը։
Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է հաշվի առնել ապագա էներգաբլոկի ֆինանսավորման հարցը և խոշոր ներդրումներ գտնել, քանի որ ժամանակակից ԱԷԿ-ի կառուցումը պահանջում է բազմամիլիարդանոց ներդրումներ։
«Կարծում եմ՝ այն դասական սխեման, որով «Ռոսատոմը» կառուցում է արտասահմանյան նախագծերը, պետք է վերանայել։ Հայաստանի առջև հարց է առաջանում՝ ո՞վ է կառուցելու էներգաբլոկը և ի՞նչ պայմաններով։ Ոչ մի ընկերություն չի գալիս սեփական միջոցներով։ Անհրաժեշտ են բազմամիլիարդանոց ներդրումներ, որոնք պետք է ներդրվեն միանգամից կամ մի քանի տարվա ընթացքում։ Արդյո՞ք Հայաստանը նման հնարավորություն ունի՝ սա մեծ հարց է։ Հետևաբար երկրի ղեկավարությունը պետք է սթափ գնահատի աշխարհաքաղաքական հավակնություններն ու տնտեսական ռիսկերը»,- ընդգծել է Յուշկովը։