Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելը կործանված պետության վառ օրինակ է․ Տիգրան Քոչարյան

02 Հոկտեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելն ու տեղի բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելը «կործանված պետության» վառ օրինակ է։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում նշել է «Alpha News»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Նրա փոխանցմամբ՝ զինված ադրբեջանցին, հատելով պետական սահմանը, երկու օր շարունակ անարգել առաջ է շարժվել շուրջ 15 կիլոմետր, որևէ խոչընդոտի չի հանդիպել և հասել է Շաքի գյուղ։

«Ադրբեջանցի զինծառայողն ապաստանել է գյուղում, ներխուժել հայ ընտանիքի տուն, պատանդ վերցրել երեխաներին և ինքնաձիգի ամբողջ փամփշտատուփը դատարկել նրանց ու տանտիրուհու ուղղությամբ։ Սեփական անձն ու երեխաներին հնարավոր է եղել փրկել բացառապես հայ կնոջ խիզախության շնորհիվ»,- նշել է Քոչարյանը։

Ըստ Տիգրան Քոչարյանի՝ Սյունիքի և սահմանամերձ մյուս բնակավայրերի բնակիչներն ապրում են մշտական սպառնալիքի ներքո, մինչդեռ իշխանությունները հանրությանը հավաստիացնում են, թե միլիարդավոր դոլարների անվտանգային աշխատանքներ են իրականացվում։

«Շաքին սովորական բնակավայր չէ, զբոսաշրջային կենտրոն է, որտեղ հանգիստ ներթափանցում է զինված ադրբեջանցին, ու երկու օր ոչ ոք չի կարողանում նրան հայտնաբերել։ Սա փաստում է, որ մեր անվտանգային համակարգը չի գործում, և միայն երջանիկ պատահականությամբ է, որ զոհեր չեն եղել»,- ընդգծել է «Alpha News»-ի գլխավոր խմբագիրը։