Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

28 Օգոստոսի 2023, 19:41

Հայեր

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սույն թվականի հուլիսի 16-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ երեք քահանաներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի։

Վահան Սրբազանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իր իսկ ձեռամբ քահանայական օծման արժանացած նորընծաներին՝ Արժանապատիվ Տ. Պետրոս քահանա Կադեյանին, Տ. Մովսես քահանա Սահակյանին և Տ. Հակոբոս քահանա Իսահակյանին, ուրախությամբ ընդգծել է, որ վերջիններս պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամն ու օրհությունը:

Նորին Սրբությունն ընդգծել է, որ նորաօծ քահանաներն իրենց հոգևոր սպասավորությունը սկսում են հայ ժողովրդի համար բարդ ժամանակաշրջանում, երբ առավել կարևորվում է հայ եկեղեցականի ամբողջական և նվիրյալ ծառայությունը՝ հավատ, հույս ներշնչելու հայորդիներին այս դժվարին փորձությունների միջով անցնելիս, զորացնելու նրանց հավատքը և սերն առ Աստված։

Վեհափառ Հայրապետը հոգևորականներին պատգամել է բարի օրինակ լինել հավատացյալների համար, նվիրյալ և հանձնառու ծառայությամբ ուրախություն և մխիթարություն պարգևել հավատավոր ժողովրդին, իրենց կարողությունները լավագույնս ի սպաս դնել հոգևոր սպասավորության մեջ՝ բարձր պահելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարի համբավը։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ նրանց ընծայելով «Մաշտոց» ծիսարաններ, ձեռաց խաչեր և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Առաջիկա օրերին քահանա հայրերը Նորին Սրբության օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Հիմա եթերում