46 պեղման թույլտվություն. հնագետները շարունակում են բացահայտել Հայաստանի չուսումնասիրված շերտերը

28 Օգոստոսի 2023, 20:54

Մշակույթ

Այս տարի հուշարձանների վերականգնման ծրագրի համար պետությունը հատկացրել է 660 միլիոն դրամ: Այդ գումարի մեծ մասը նախատեսված է պատմահնագիտական ժառանգության հայտնաբերման՝ պեղումների իրականացման համար: Alpha News-ի հետ զրույցում ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը ընգծում է՝ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում 250 միլիոն դրամից ավելի երբեւէ չէր տրամադրվել հուշարձանների վերականգնման համար: Վանյանը, խոսելով վերջին շրջանում կատարված աշխատանքների մասին, մասնավորապես, ներկայացնում է, թե պեղումների արդյունքում ինչ պատմակական ժառանգություն է հայտնաբերվել: Նա նախ առանձնացնում է Արտաշատ մայրաքաղաքի տարածքում հայտնաբերված պալատը, ընգծելով, որ հնագետների որակմամբ էլ այն կամ պալատ է, կամ էլ մի կառույց է, որը հավասար է եղել պալատին:

«Գեոռադարային սկանավորումը ցույց է տալիս, որ այն հսկայական չափսեր ունի, մոտ՝ 100 մետրից ավելի: Հնագետների կողմից դեռ մի հատվածն է պեղվել: Բավականին լուրջ արդյուք է մայրաքաղաքի պատմության ուսումնասիրության համար»,- ընդգծում է Վանյանը:

Անդրադառնալով հնագիտական մյուս աշխատանքներին՝ Վանյանը նշում է Արագած լեռան ստորոտին՝ «Տիրին Կատար» կոչվող հնավայրում, վերջին 10-ը տարվա ընթացքում 12 նոր վիշապաքար է հայտնաբերվել: Վերջին ամենաուշագրավ բացահայտումների թվում Վանյանը հիշատակում է 10-րդ դարում կառուցված Լոռվա բերդի բաղնիքների ջեռուցվող հատակների տեխնոլոգիայի բացահայտման դեպքը: Ընգծում է՝ ԽՍՀՄ տարիներին այդ տարածքը բազմիցս պեղումների էր ենթարկվել, սակայն հնագետներն ավելի հեռուն չէին գնացել:

«Մինչ այդ, տեսականորեն էր հայտնի, որ տաքացման համակարգ է եղել, հիմա նաև գործնականում ապացուցվեց, որ այո՛, այդ համակարգը գործել է Լոռիի բերդի բաղնիքներում»։

Վանյանը մեզ հետ զրույցում փորձեց ներկայացնել, թե հնագիտական աշխատանքների արդյունքում ի հայտ եկած հատակների ջեռուցման տեխնոլոգիան ինչ տեսք է ունեցել:

«Հատակի տակ կա որոշակի տարածություն,այսպես ասած, փոքր սյուներ, որոնք միջհարկային տարածություն են ավելացրել, այսինքն, մայր հատակի վրա սյուներով որոշակի տարածություն է առաջացել, որի վրա արվել է արդեն հիմնական հատակը: Այդ միջանկյալ հատվածը, գոլորշիով տաքացվելով, ստացվել է տաք հատակի էֆեկտը, որի միջոցով բաղնիքը ջեռուցվել է»,- նկարագրում է Հարություն Վանյանը:

Նա նաև նշում է, որ այդ տարածքում պարսպապատի վրա խորշերով հատված է բացվել, թե ինչ է դա, հիմա մասնագետները փորձում են հասկանալ: Վանյանը առանձնացրեց մի քանի տասնյակ նկարազարդ խեցեղենի հայտնաբերման փաստը:

«Շատ հետաքրքիր թռչնազարդ և թռնչնակերպ նկարազարդումներով խեցեղեն հայտնաբերվեց՝ տասնյակներով, որոնց մեծ մասը ամբողջացավ և արդեն վերականգնված են։ Դրանք կհանձնվեն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանին»:

Հատիսի գագաթին նոր հայտնաբերված ամրոցում՝ «Շամիրամի ամրոց» կոչվող հատվածում, հայտնաբերվել է Ալեքսանդր Մակեդոնացու նկարով դրամ:

«Առաջիկայում կքննարկվեն Գեղարքունիքի մարզի և Վայոց Ձորի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի պալատ-ապարանք, Չեսարի դարպաս կոչվող հուշարձանի և հարակից փոքր եկեղեցու պեղման աշխատանքների հայտերը»:

Ըստ ԿԳՄՍ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ծրագրերի հավանություն ստանալու դեպքում, մասնագետները կանցնեն աշխատանքի: Պետությունն այս տարվա համար արդեն իսկ 46 պեղման թույլտվություն է տրամադրել: Զուգահեռ մրցույթներ են հայտարարված ճարտարապետական վերականգնման աշխատանքների համար: Պեղումների ֆինանսավորման աղբյուրները տարբեր են: Կան նաև մասնավոր միջոցների ներգրավման օրինակներ:

Դրանց մասնակից են պեղումներով զբաղվող տարբեր մասնագիտական կառույցներ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Մշակույթային արգելոց թանգարանը և այլն: Հարություն Վանյանն ընդգծում է՝ պեղումների համար հատկացվող պետական միջոցները վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել են: Կան համատեղ ծրագրեր գերմանացիների, ֆրանսիացիների, և իտալացիների հետ: