ԵԽԽՎ-ի քննադատության հասցեատերը Փաշինյանն ու ՔՊ-ն են․ Վարդևանյան

06 Հոկտեմբերի 2026, 18:51

Քաղաքականություն

ԵԽԽՎ գնահատականներն ուղղված են իշխանություններին, այլ ոչ Հայաստանի Հանրապետությանը. դրանք վկայում են ժողովրդավարությունից իշխանության նահանջի և լեգիտիմության դեֆիցիտի մասին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցին։

Վարդևանյանի խոսքով՝ ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած մտահոգությունների և քննադատությունների հասցեատերը բացառապես մեկ քաղաքական ուժ է և մեկ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը։

«ԵԽԽՎ պատգամավորները թերևս տեղեկացված չեն, որ Հայաստանում կա մեկ մարդ, ով ամենաշատն է շփվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և դա Նիկոլ Փաշինյանն է։ Իրենք երևի տեղյակ չեն նաև, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, թե դրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք ինքը կլուծի ընտրությունների հաջորդ իսկ օրը», — նշել է պատգամավորը։

Անդրադառնալով երկրի ժողովրդավարական ընթացքին՝ Վարդևանյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարությունը որդեգրել է որպես անսակարկելի սկզբունք դեռևս Անկախության հռչակագրով, մինչդեռ գործող իշխանությունները հեռացել են այդ արժեքներից։

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ԵԽԽՎ-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ձեր կատարած գործողությունները որակել է որպես ընտրության արդյունքների վրա ազդող երևույթ՝ կասկածի տակ դնելով ընտրությունների ելքի լեգիտիմությունը։ Զեկույցում նույնիսկ հերքել են ՔՊ հիմնադիրներից Վահագն Հովակիմյանի դատողությունները՝ արձանագրելով, որ նա սխալ է մեջբերում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։ Արձանագրվել է, որ ընտրատեղամասերում պետք է տեղի ունենար կրկնակի քվեարկություն, ինչը չի արվել, և սա խոսում է լեգիտիմության լուրջ դեֆիցիտի մասին», — ընդգծել է Վարդևանյանը։

Հիմա եթերում