Ամերիկյան կառավարությունը պատրաստ է շատ բան ասել, բայց քիչ բան անել. Մայքլ Վասյուրան՝ Երասխի գործարանի հրետակոծման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին
29 Օգոստոսի 2023, 13:10
Ամերիկացի լրագրող Մայքլ Վասյուրան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի հրետակոծությունը:
Նա կարծում է, որ միակ գործողությունը, որը ձեռնարկվելու է Միացյալ Նահանգների կողմից, կոշտ հայտարարությունն է Բաքվի հասցեին, «քանի որ Վաշինգտոնը մինչ օրս պատրաստ չէ ապահովել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում»:
Մայքլ Վասյուրան նաև նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը չի պատրաստվում որևէ լուրջ գործողություն ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիայի գործողությունները վերջնականապես կասեցնելու համար:
«Հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը ցույց է տալիս, որ ամերիկյան կառավարությունը պատրաստ է շատ խոսել, սակայն քիչ բան անել: Այն փաստը, որ մետաղագործական գործարանը, որտեղ ներդրվել են ամերիկյան փողերը, սպառնալիքի տակ է, միեւնույն է, չի ազդում տվյալ իրավիճակին այլ կերպ արձագանքելու Վաշինգտոնի մտադրության վրա», — նկատել է ամերիկացի լրագրողը: