Եթե այդ ամեն ինչը չլիներ, մենք նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին․ Փաշինյան

08 Հոկտեմբերի 2026, 16:10

Քաղաքականություն

Ես տվել եմ գնահատական, ասում եմ՝ ադրբեջանցի զինվորը հանցագործություն է կատարել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր օրենսդրությամբ սահմանն ապօրինի հատելն էլ է հանցանք։ Լինում են դեպքեր, երբ մոլորվում են, և եթե այս դեպքը չլիներ, մենք արդեն ադրբեջանցի զինվորին հետ տված կլինեինք։ Բայց հանցանք է տեղի ունեցել, դրա համար էլ չենք տվել այդ զինվորին»,- ասել է Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը չի պահանջում իր զինվորին, վարչապետը նշել է, որ Ադրբեջանն այդ զինվորի դեպքով ևս քրեական գործ է հարուցել։

«Ո՛չ, պահանջ չկա Ադրբեջանից։ Ադրբեջանն ինքն էլ քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։ Ադրբեջանը կարող է ուզենալ իր քրեական գործով էլ հետաքննություն անել։ Այդ զինվորը, որ գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն․ այդ զինվորին դատելու են, այդ թվում՝ Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ»,- հավելել է Փաշինյանը։