Դա կրկնվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անպատիժ է. Դմիտրի Ժուրավլյովը՝ Արցախի բնակիչների դեմ Բաքվի գործողությունների մասին
29 Օգոստոսի 2023, 15:32
Ռուս քաղաքագետ, տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լաչինի միջանցքում մարդկանց հերթական առևանգումը և նկարագրել այդ հարցի լուծման ուղիները:
Դմիտրի Ժուրավլյովը կարծում է, որ միայն պատժվելու դեպքում ադրբեջանական իշխանությունները կդադարեցնեն Արցախի բնակիչների ձերբակալությունները: «Այս իրավիճակը կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ դա անպատիժ է։ Մարդկանց գողանում են կա՛մ մյուսների վրա ճնշում գործադրելու համար կա՛մ նյարդային մթնոլորտ ստեղծելու համար:
Եթե առաջին դեպքը լիներ, արդեն ինչ-որ պայմաններ առաջ քաշած կլինեին: «Մենք կվերադարձնենք, բայց դուք մեզ…» և այլն: Քանի որ դա չկա, ուրեմն, գալիս է երկրորդ տարբերակը՝ պարզապես հոգեբանական վիճակի ապակայունացում, իսկ դա կարող է հավերժ տևել, եթե չկանխվի: Հանցագործները պետք է պատժվեն: Հենց դա լինի, մարդկանց առեւանգումները անմիջապես կդադարեն», — նշել է փորձագետը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի լուծման միջոցներին, ապա Ժուրավլյովը կարծում է, որ միջազգային կազմակերպություններն ու հայկական կողմի ակտիվությունը հաջողություն են խոստանում այդ բարդ գործում: «Այդ պատիժն իրականացնելու համար անհրաժեշտ է ակտիվ գործունեություն և բավարար ռեսուրս։
Ինչ վերաբերում է հայկական կողմի ակտիվությանը, ես չեմ կասկածում, բայց արդյոք բավարար ռեսուրսներ կան մարդկանց նման ոտնձգություններից պաշտպանելու համար, դա հարց է։ Դե, իհարկե, պետք է հարցը դնել միջազգային կազմակերպությունների սեղանին», — եզրափակել է փորձագետը։