ԵՄ-ն գնահատում է Հայաստանում վիզաների ազատականացմանն ուղղված բարեփոխումների ընթացքը
09 Հոկտեմբերի 2026, 21:19
Հայաստանում գործում է ԵՄ երկրորդ գնահատման առաքելությունը, որը ստուգում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պահանջների կատարումը: Ինչպես հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, առաքելության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ, որը ներկայացրել է իրականացվող միջոցառումների ընթացքը և ընդգծել գրանցված զգալի առաջընթացը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ ԵՄ պատվիրակության, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex), ԵՄ անդամ երկրների փորձագետների և հայկական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արմեն Ղազարյանը նշել է, որ նախարար Արփինե Սարգսյանի համակարգմամբ ՆԳՆ-ն հետևողականորեն իրականացնում է գործողությունների ծրագիրը՝ այդպիսով վերահաստատելով գործընթացին Հայաստանի քաղաքական հանձնառությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ հաջողություններ է գրանցել մի շարք ուղղություններով, իսկ առաջիկայում նախատեսվում է ավարտին հասցնել առանցքային բարեփոխումները, այդ թվում՝ ներդնել կենսաչափական համակարգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիության, միգրացիայի կառավարման և սահմանային վերահսկողությանն առնչվող հարցեր։
ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այցի նպատակն է գնահատել արձանագրված առաջընթացը, բացահայտել առկա խնդիրները և նախանշել հետագա քայլերը։
Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ստանձնել ստանձնած պարտավորությունները և ապահովել դրանց կատարումը սահմանված ժամկետներում։