Փաշինյանը ԵՄ անդամակցությունը դիտարկում է որպես Հայաստանի հնարավոր տարբերակներից մեկը

12 Հոկտեմբերի 2026, 15:40

Քաղաքականություն

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն դրա համար անհրաժեշտ է նաև ԵՄ-ի համապատասխան որոշումը։ Այս մասին «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ ԵՄ-ն կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միայն Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը բավարար չէ, քանի որ Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույնիսկ եթե Հայաստանը համապատասխանի ԵՄ անդամակցության չափանիշներին, բայց չանդամակցի միությանը, միևնույն է՝ երկիրը կշահի, քանի որ կունենա պետություն, որը լիարժեք կհամապատասխանի ԵՄ չափանիշներին։