Եվրոպացիներին Հայաստանը պետք չէ. Աբրահամյան

12 Հոկտեմբերի 2026, 15:56

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանը պետք է պաշտպանի իր ազգային շահերը և թույլ չտա, որ արտաքին ուժերն այն օգտագործեն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է Հայ Դատի հանձնախմբի խորհրդատու Մասիս Աբրահամյանն՝ անդրադառնալով եվրոպական երկրների քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, եկեղեցու շուրջ զարգացումներին և իշխանությունների արտաքին քաղաքականությանը։

«Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը դարավոր ավանդույթ է, և մարդիկ շատ հստակ պատկերացնում են, որ եկեղեցական գործերի մեջ պետությունը չի կարող խառնվել»,- նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրների ազդեցությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության վրա գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական շահերը։

«Հայաստանն ընդամենը օգտագործվում է որպես միջոց։ Վաղուց ասել են, որ Հայաստանն այլևս սեղանի շուրջ նստած չէ, այլ սեղանին է դրված»,- ասել է նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանի միջազգային դիրքերը թուլանում են նաև իշխանությունների քաղաքականության անկանխատեսելիության պատճառով։ Նա կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու քաղաքական քայլերը չեն ձևավորում վստահություն երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։

«Ազգային շահերը չպաշտպանելը մահացու է երկրների, այդ թվում՝ մեր երկրի նման պետության համար։ Եթե կարող ես ազգային շահերն այդպես հեշտությամբ սակարկության դնել և ինչ-որ կեղծ խաղաղության խոսույթով մարդկանց խաբել ու նրանց հեռացնել ազգային գաղափարներից, դա վտանգավոր է»,- եզրափակել է Աբրահամյանը։