Ամերիկահայ լրագրող Քիմ Կալունիանը կվարի ANCA-ի 20-րդ գալա-երեկոն

15 Հոկտեմբերի 2026, 10:57

Հայեր

ANCA-ի Արևելյան շրջանի 20-րդ ամենամյա գալա-երեկոյի հանդիսությունը կվարի լրագրող Քիմ Կալունիանը, ով վերջին 15 տարիներին Ռոդ Այլենդ նահանգի ճանաչված լրագրողներից է: Ներկայումս նա աշխատում է WPRI 12 հեռուստաալիքում, որտեղ նախկինում նախաձեռնել և վարել է ժամը 16:00-ի լրատվական թողարկումը։ Քիմը նաև «Behind the Story» («Պատմության հետևում») շարքի համահաղորդավարն է: Նրա «Community Focus» («Համայնքի կենտրոնում») խորագիրը ներառում է խորքային, անհատական հարցազրույցներ տարածաշրջանի ամենաազդեցիկ և ուշադրության կենտրոնում գտնվող անձանց հետ։ Քիմի լրագրողական գործունեությունն արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների, այդ թվում՝ «Էդվարդ Ռ. Մյուրոու» (Edward R. Murrow) մրցանակի, ինչպես նաև առաջադրվել է տարածաշրջանային «Էմմի» (Emmy) մրցանակի։

Քիմը լուսաբանել է պատմություններ Արցախի և հայկական մշակույթի մասին, այդ թվում՝ մի հոդված, որտեղ նա խորասուզվել է իր սեփական հայկական տոհմի մեջ։ Նա ընդգրկվել է Ռոդ Այլենդի Հայ Պատմական Ասոցիացիայի «Հայոց տարեգրություններ» վավերագրական ֆիլմում, որը ուսումնասիրում է տեղի հայերի անցյալը, ներկան և ապագան և մանրամասնում է Հայոց ցեղասպանությունը, որը վերապրել են նրա նախապապերը։ Նա եղել է հայ կին հեղինակների խմբի մոդերատոր և գլխավոր զեկուցող Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) Սուրբ Սահակ և Մեսրոպ եկեղեցում։

ANCA-ի Արևելյան շրջանի 20-րդ  գալան տեղի կունենա 2026 թ. դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը, Ռոդ Այլենդ նահանգի Ուորվիկ քաղաքում գտնվող «Քրաուն Պլազա» (Crowne Plaza) հյուրանոցում։