Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
17 Հոկտեմբերի 2026, 16:40
Փարիզում աշակերտների ինքնաբուխ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։
Այսօր քաղաքում նախատեսվում է ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների խոշոր ցույց։ Ակնկալվում է, որ դրան կմիանան ծայրահեղ ձախ ակտիվիստներ, «Դեղին ժիլետներ» շարժման կողմնակիցներ, տաքսու վարորդներ, բուժքույրեր, շինարարներ և արհմիությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցների ընդհանուր թիվը կարող է հասնել 60 հազարի։
Հիմնական ցույցից առաջ տեղի են ունեցել մի քանի ինքնաբուխ բողոքի ակցիաներ, որոնք համաձայնեցված չեն եղել իշխանությունների հետ։ Դրանցից մեկը կազմակերպվել է Մեծ բուլվարների շրջանում։ Մարդկանց մի խումբ վանկարկել է՝ «Ազատություն Ֆրանսիային» և «Մակրոնին՝ հրաժարական»։
Փարիզի ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաքում և դրա արվարձաններում արդեն 40 մարդ է ձերբակալվել։ Նշվում է, որ նրանցից ոմանք ունեցել են ինքնապաշտպանության համար արգելված միջոցներ և զենք։ Բողոքի ակցիաների պատճառով փակվել են մետրոյի մի քանի կայարաններ, ինչպես նաև երթևեկության դժվարություններ են առաջացել։
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտները մի քանի շաբաթ շարունակ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացնում՝ դասացուցակի գերծանրաբեռնվածության, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտի այլ խնդիրների պատճառով։ Որոշ ցույցեր ուղեկցվում են անկարգություններով։ Վերջին տվյալներով՝ բողոքի շարժման մեկնարկից ի վեր տուժել է ավելի քան 1,3 հազար մարդ։