Զելենսկին չի ցանկանում ավարտել պատերազմը և, հավանաբար, երբեք էլ չի ցանկացել. Թրամփ
19 Հոկտեմբերի 2026, 09:44
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «չի ցանկանում ավարտել պատերազմը և, հավանաբար, երբեք էլ չի ցանկացել», գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում։
«Զելենսկուն միևնույն է։ Եվ, անկեղծ ասած, չնայած այն բոլոր գումարներին, որոնք նրան առատաձեռնորեն տրամադրում է Եվրոպան, ինչպես նաև այն գումարներին, որոնք նրան ավելի վաղ տվել էր խարդախ Ջո Բայդենը, նա չի ցանկանում ավարտել այս պատերազմը և, հավանաբար, երբեք էլ չի ցանկացել», — գրել է նա։
Թրամփի խոսքով՝ Զելենսկին երկու տարի առաջ կարող էր շատ ավելի շահավետ համաձայնագիր կնքել։
«Նա երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ գործարք կնքել, քան հիմա։ Նրա երկիրը ավերակների է վերածվել, տարածքի զգալի մասը կորցրել է, զրկվել է օվկիանոսներից և ծովերից, իսկ տղամարդ բնակչության թիվը նվազել է․ շատերը վիրավորվել են և/կամ զոհվել։ Ես ցանկանում եմ, որ այս պատերազմն ավարտվի՛», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև մեղադրել է Զելենսկուն այն բանում, որ վերջինս շարունակում է հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։
«Զելենսկին թիրախավորում է Ռուսաստանում դիզելային վառելիք արտադրող նավթավերամշակման գործարանները՝ իմանալով, որ այդ հարձակումները լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։ Ֆերմերները, անասնապահությամբ զբաղվողները և տարբեր ոլորտների ձեռնարկությունները մեծապես տուժում են դրանից, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է աշխարհին ցածր գներով միլիոնավոր բարել դիզելային վառելիք մատակարարել», — գրել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Թրամփը բացատրել է, թե ինչու այս պահին չի ցանկանում ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող փաստաթուղթը։ Նրա խոսքով՝ ինքը չի ցանկանում Մոսկվային հեռացնել բանակցություններից։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցում, այդ թվում՝ պատանդների վերաբերյալ ընթացիկ բանակցություններում։ Այս փաստաթղթի ստորագրումն այժմ Ռուսաստանին կհեռացնի բանակցությունների սեղանից։ Ես կարող եմ այն ստորագրել ավելի ուշ կամ ցանկացած պահի, երբ ցանկանամ», — հայտարարել է Թրամփը։