Պուտինն առաջարկել է Թրամփի և Սի Ծինփինի մասնակցությամբ Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել

19 Հոկտեմբերի 2026, 10:30

Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է նոյեմբերին հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի մասնակցությամբ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը Մոսկվայի համար շահավետ պայմաններով։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գագաթնաժողով անցկացնելու առաջարկը հնչել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը հայտարարել է ռուսական դիզելային վառելիքի գնման գործարքի մասին և ստորագրել հրամանագիր, որով կասեցվել է Լինդսի Գրեհեմի օրինագծի գործողությունը, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ։

Հղում անելով ռուսական հետախուզության նախկին աշխատակցին՝ պարբերականը գրում է, որ Պուտինն այդ առաջարկն արել է հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ զրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է ռուսական դիզելային վառելիքի և դրա մատակարարումների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ արտահանման նկատմամբ պատժամիջոցների կասեցման մասին։

Wall Street Journal-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլն առաջարկել է եռակողմ հանդիպումն անցկացնել նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պարբերականին հաստատել է, որ հնարավոր հանդիպման հարցը քննարկվում է։

«Առայժմ հստակ պատկերացում չկա ո՛չ բուն հանդիպման, ո՛չ էլ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև երեք կողմերն էլ ընդունում են նման հանդիպման տեսական հնարավորությունը»,- ասել է նա։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ Թրամփը դեռևս համաձայնություն չի տվել գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ, սակայն ընդհանուր առմամբ կարող է դրական տրամադրված լինել այդ գաղափարի նկատմամբ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Պուտինի, Թրամփի և Չինաստանի առաջնորդի եռակողմ հանդիպման շուրջ «գործնական քննարկում» չի եղել, սակայն, նրա խոսքով, «դա շատ հետաքրքիր գաղափար է, այն օդում կախված է, բոլորը գիտեն դրա մասին՝ և՛ Թրամփը, և՛ Պուտինը, և՛ Սի Ծինփինը»։

Թրամփի և Պուտինի միջև ռուսական դիզելային վառելիքի վերաբերյալ գործարքը, ինչպես նաև Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին հրամանագիրը քննադատության են արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։ Նա նախազգուշացրել է, որ նման քայլերը միայն կամրապնդեն Պուտինի վստահությունը և կհանգեցնեն պատերազմի ձգձգմանը, նշում է Reuters-ը։