Հստակ որոշում կա՝ փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը եւ չօգտագործել այն. Արցախի ԱԺ նախագահ

30 Օգոստոսի 2023, 12:02

Քաղաքականություն

Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ հստակ որոշում կա՝ փակ պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը եւ չօգտագործել այն:

«Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված է ռուս խաղաղապահների բլոկ-պոստը, նաեւ ՆԳՆ պարեկային հսկողության կետ կա, պետական համապատասխան կառույցները ցուցումներ են տվել, եւ ի լուր աշխարհի կարող եմ ասել, որ հստակ որոշում կա՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահել եւ չօգտագործել այն, եւ մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա ու տարբեր մեկնաբանություններ տա»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 29-ին, ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո «հումանիտար» բեռ է ուղարկվում Արցախ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ արցախյան կողմի հետ տվյալ հարցով որեւէ պայմանավորվածություն չի եղել: Ազգային ժողովի նախագահը անընդունելի ու սադրիչ քայլ որակեց Ադրբեջանի կողմից Ակնայի ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելը:

«Ադրբեջանը հերթական քաղաքական սադրիչ քայլն է անում եւ փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար: Մել այլ նրբություն էլ կա, որ Ադրբեջանն իր Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը:

Միջազգային այդ կառույցի ներկայությունը մեր համար առավելություն ու հնարավորություն է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո բոլոր ջանքերն ուղղել էր, որ այդ գրասենյակը դուրս բերի Արցախի Հանրապետությունից: Պատահական չէ, որ այդ բեռը Կարմիր Խաչի մեքենաներով չեն ուղարկվել, իրենք կարող էին այդ նույնը անել հենց Կարմիր Խաչի մեքենաներով ու փորձեին կապ ապահովել Ստեփանակերտի գրասենյակի հետ: Ես չեմ ասում, որ մեր մոտեցումներն այդ դեպքում կփոխվեին, բայց այլ պարագա կլիներ»,- նշեց Դավիթ Իշխանյանը:

Նա հավելեց, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումն պաշտոնական Ստեփանակերտի համար անընդունելի է:

«Մենք մեկ ճանապարհ ունենք՝ միջանցքի կարգավիճակով եւ երկրորդ միջանցքի հասկացություն չպետք է ամրագրենք մեզ համար»,- ընդգծեց Դավիթ Իշխանյանը: