ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը տնտեսության ոլորտում. վերլուծություն

22 Հոկտեմբերի 2026, 14:50

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շարունակում է մնալ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերը՝ ապահովելով երկրի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%-ը։ Այս մասին են վկայում Եվրասիական վարկանիշային գործակալության հետազոտության տվյալները, որոնք հայտնվել են ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։

«ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերն՝ ապահովելով հանրապետության արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%-ը։ 2025 թվականին փոխադարձ առևտուրը կայուն աճ է գրանցել՝ չնայած վերաարտահանման հոսքերի կրճատման հետևանքով ընդհանուր ապրանքաշրջանառության նվազմանը», — նշվում է փաստաթղթում։

Ըստ հետազոտության՝ ներդրումային համագործակցության և ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների առումով Ռուսաստանը պահպանում է գերիշխող դիրքերն՝ ապահովելով ընդհանուր ծավալի 64,9%-ը։ Այդուհանդերձ, երկու ցուցանիշներն էլ աստիճանաբար նվազելու միտում են դրսևորում։

Միաժամանակ, ռուսական գազի գնային առավելությունը կարևորագույն գործոն է Հայաստանի տնտեսության մրցունակության համար, իսկ ԵԱՏՄ էներգետիկ միասնական շուկաների ձևավորմանը մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման համար։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ մաքսատուրքերի բաշխման համակարգն ապահովում է Հայաստանի պետական բյուջեի կայուն մուտքերը, թեև հանրապետության մասնաբաժինը՝ 1,22%-ը, ԵԱՏՄ անդամ երկրների շարքում ամենափոքրն է։

Բացի այդ, նշվում է, որ 2025 թվականին գործարկված արդյունաբերական համագործակցության մեխանիզմներն ու երրորդ երկրների հետ կնքված արտոնյալ առևտրային համաձայնագրերը լրացուցիչ խթաններ են ստեղծում ինտեգրացիոն զարգացման համար։

«Աշխարհաքաղաքական երկընտրանքը՝ ԵՄ-ի հետ մերձեցումը ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու պայմաններում, ամենալուրջ մարտահրավերն է, որը Հայաստանի ղեկավարությունից պահանջում է հավասարակշռված լուծումներ գտնել», — եզրակացնում են փաստաթղթի հեղինակները։