ԵՏՀ-ում հույս ունեն կարգավորել հայկական արտադրանքի շուրջ ստեղծված իրավիճակը․ Ալեքսանդր Սուբոտին

22 Հոկտեմբերի 2026, 17:15

Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը «ԵՏՀ միասնական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովումը» թեմայով մամուլի ասուլիսի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է ԵՏՀ միասնական շուկայում հայ արտադրողների առջև ծառացած խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանված սահմանափումների ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները բավականին ակտիվ են ընթանում։ Սուբոտինի խոսքով՝ հարցը քննարկվում է ԵՏՀ համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև առևտրի ոլորտում խոչընդոտների վերացման համար պատասխանատու նախարարի հարթակում։

«Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցներն ուսումնասիրվում են մեր համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հայկական կողմի խնդրանքով Հանձնաժողով է ներկայացվել դիմում՝ ավելի մանրամասն և հանգամանալից ուսումնասիրելու համար, թե արդյոք այդ միջոցները պատշաճ կերպով են կիրառվել։

Մենք ակտիվորեն մասնակցում ենք նաև այն նախարարի հարթակում տարվող աշխատանքներին, որը պատասխանատու է առևտրի ոլորտում առկա խոչընդոտների հարցերով։ Ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում նաև երկկողմ ձևաչափով։ Մի կողմը պնդում է, որ միջոցները կիրառվել են իրավաչափորեն, իսկ մյուսը՝ որ ստուգումներն իրականացվում են ոչ պատշաճ կերպով։

Կարծում եմ՝ առաջիկայում հարցը պետք է լուծվի։ Երբեք այնպես չի եղել, որ մենք չկարողանանք ընդհանուր հայտարարի գալ և համաձայնության հասնել», — հայտարարել է Սուբոտինը։

Նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է բնակչության անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավոր սահմանափակող միջոցներ կիրառելու հնարավորություն։

«Նման սահմանափակումներ կիրառելու մեխանիզմ, իհարկե, գոյություն ունի։ Պայմանագրում կա հոդված, որը նախատեսում է բնակչության անվտանգության պաշտպանության նպատակով ժամանակավոր միջոցներ կիրառելու հնարավորություն՝ մինչև երկրները կպարզեն իրավիճակը և հետագա որոշում կկայացնեն։

Նրանք, ովքեր անբարեխղճորեն անորակ արտադրանք են արտադրում, իհարկե, կհեռացվեն շուկայից, քանի որ բոլորի շահերից է բխում որակյալ սննդամթերք օգտագործելը և անվտանգ իրերից օգտվելը։ Սակայն բարեխիղճ ու ազնիվ արտադրողները կմնան շուկայում և կշարունակեն առևտուր իրականացնել», — եզրափակել է Ալեքսանդր Սուբոտինը։

Հիմա եթերում